Ռուսների պատճառով Փաշինյանը «շան լափ է թափել» Ալեն Սիմոնյանի գլխին․ զայրացել է նաև Գուրգեն Արսենյանը

Ռուսների պատճառով Փաշինյանը «շան լափ է թափել» Ալեն Սիմոնյանի գլխին․ զայրացել է նաև Գուրգեն Արսենյանը

Հունվարի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը այսպիսի մի հոդված էր հրապարակել Ալեն Սիմոնյանի մասին, որում ասվում է․ «ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Բալթյան երկրների խորհրդարանականների հետ անցկացրած դռնփակ հանդիպման ժամանակ արտահայտել է կոշտ քննադատություն Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ, որը տարակուսանք է առաջացրել անգամ բալթյան երկրների ներկայացուցիչների մոտ»։

Օրաթերթին բալթյան երկրներից մեկի խորհրդարանական ներկայացուցիչը հայտնել է, թե Ալեն Սիմոնյանը բալթյան երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որը չլուսաբանվող է եղել, հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեր և բալթյան երկրների համար լավ լինի: Ըստ թերթի՝ Սիմոնյանը նաև ավելացրել է, որ Ռուսաստանի կործանումը կարող է Հայաստանի և բալթյան երկրների համար «լավ հեռանկարներ» բացել: 

MediaHub-ին որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել այս հրապարակմանը հաջորդած իրադարձություններից։ Մասնավորապես, ՔՊ-ի մեր աղբյուրները մեզ հայտնեցին, որ երեկ երեկոյան ՔՊ-ի վարչության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը «շան լափ է թափել» Ալեն Սիմոնյանի գլխին՝ նրան նախատելով հայ-ռուսական հարաբերությունները էլ ավելի վատթարացնելու մեջ։ Մեզ ասացին՝ Փաշինյանն ասել է, թե Արարատ Միրզոյանը հազիվ էր գնացել Մոսկվա հարաբերությունները կարգավորել, ու հիմա Ալենը բալթյան երկրների ներկայացուցիչների մոտ այնպես է արտահայտվել Ռուսաստանի հասցեին, որ սա կարող է նորից լուրջ խնդիր առաջացնել երկու երկրների հարաբերություներում։ Ուստի, Փաշինյանը Սիմոնյանին կոշտ ձևով հրահանգել է՝ ամեն գնով շտկել իրավիճակն ու հերքել այս տեղեկությունները։ Դրա համար էլ երեկ ուշ երեկոյան՝ ՔՊ վարչության նիստից հետո, Ալեն Սիմոնյանը, որ մինչ այդ ԱԺ-ում ուրախ-զվարթ զբոսնում էր, իրար խառնված իր լրատվական բաժնին ու մամուլի խոսնակին գիշերվա կեսին հանձնարարել է հերքման տեքստ պատրաստել և ամբողջ մեղքը բարդել լրատվամիջոցի վրա։ Արդյունքում, գիշերը ուշ ժամի Սիմոնյանի մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջում հայտնվեց ահա այսպիսի գրառում․ ««Ժողովուրդ» օրաթերթում հրապարկված ու մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր Ալեն Սիմոնյանը բալթյան երկրների խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեզ և բալթյան երկրների համար լավ լինի, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը»։ Գրառման մեջ նաև թաքնված սպառնալիք կա, թե չի բացառվում՝ Սիմոնյանը դատի տա լրատվամիջոցին, ինչի հարուստ փորձն ունի ինքը։ 

Ուշագրավ է, որ Սիմոնյանի խոսնակի այդ գրառումը ՔՊ-ի վարչության կազմից կամ նույնիսկ ՔՊ-ական պատգամավորներից որևէ մեկը չի հավանել կամ մեկնաբանել, անգամ ԱԺ-ում Ալենի նեղ շրջապաատը այն չի «լայքել»։ 

Նշենք, որ Ալեն Սիմոնյանն այդ հայտարարություններն արել է Հայաստան ժամանած հյուրերի հետ խորհրդարանում փակ հանդիպման ժամանակ, որին պատգամավորներից միայն ՔՊ-ականներն են ներկա եղել։

Նկատենք, որ «Դվինում» տեղի ունեցած Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի՝ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» խորագրով պանելային քննարկման ժամանակ հրապարակային ընդգծված հակառուսական ելույթներ հնչեցին: Ուստի, պատկերացնել կարելի է, թե փակ հանդիպման ժամանակ ինչեր ասած կլինեն, այդ թվում Ալեն Սիմոնյանը, որ անգամ եվրոպացի խորհրդարանականներն են ապշել և այդ մասին կիսվել այլ անձանց մոտ։

Ամեն ինչ, սակայն, այսքանով չի ավարտվել։ Նիկոլ Փաշինյանի կողմից կոշտ դիտողությունների արժանանալուց բացի Ալեն Սիմոնյանը նաև արժանացել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի նախատինքին, քանզի նա ևս զայրացած է եղել Ալենի այս պահվածքից։ Մեզ ասացին, որ Ալեն Սիմոնյանն իր մտերիմ թիմակիցներին պատմել է, որ իրեն է զանգահարել Գուրգեն Արսենյանն ու ասել՝ «մի բան արա, հերքիր մամուլի տեղեկություններն ու շտկիր իրավիճակը, հակառակ պարագայում՝ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն չի գա Հայաստան»։ 

Հիշեցնենք, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ օրերս Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե պլանավորվում է Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան։ Հիմա Ալեն Սիմոնյանի այս անհեռատես հայտարարությունները, փաստորեն, կարող են փչացնել Արարատ Միրզոյանի ձեռք բերած պայմանավորվածություններն ու քար գցել հայ-ռուսական՝ առանց այդ էլ փխրուն ու խախրխլված հարաբերությունների վրա։

Վահե Մակարյան