Գուտերեշն էլ իր պարտքը կատարեց՝ խորը մտահոգվեց 

Գուտերեշն էլ իր պարտքը կատարեց՝ խորը մտահոգվեց 

Որքան խորանում է հումանիտար ճգնաժամն Արցախում, այնքան միջազգային կառույցների ղեկավարներն ավելի խորն են մտահոգվում՝ թղթի վրա կամ բանավոր հայտարարություններով: Ինչը, ինչպես ցույց տվեց կյանքը, ամենևին էլ չի նշանակում, թե դա իրապես այդպես է կամ ինչ-որ շոշափելի հետևանք կարող է ունենալ սովամահ լինելու ռեալ սպառնալիքի առջև հայտնված Արցախի 120 000 հայության համար:

Այսօր հերթը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշինն է, որը ևս, պարզվում է, մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված խնդիրներով։ 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալը հիշեցրել է Գուտերեշի նախորդ հայտարարությունը կողմերի՝ Արդարադատության միջազգային դատարանի, այդ թվում՝ 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումների, ինչպես նաև մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով անարգել տեղաշարժն ապահովելու միջոցների հետ կապված որոշումների կատարման անհրաժեշտության մասին։

Ապա ավելացրել.

«Նա (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը) հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում շտապ միջոցներ ձեռնարկել՝ հեշտացնելու հասանելիությունը կարիքավորներին մարդասիրական օգնություն հասցնելու համար: Գլխավոր քարտուղարը երկու կողմերին կոչ է անում ակտիվացնել հարաբերությունների երկարաժամկետ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության », - ասել է խոսնակի տեղակալը: 

Եվ վերջ. Գուտերեշն իր պարտքը կատարեց, հերթական մտահոգությունը հնչեց միջազգային կառույցի ղեկավարի անունից, և նա կարող է հանգիստ անցնել ավելի կարևոր գործերի:

Լաչինի միջանցքը, հիշեցնենք, փակ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, վերջին ամիսներին Արցախն ուղղակի պաշարված է, մարդիկ բառիս բուն իմաստով սովամահ են լինում: Բայց ՄԱԿ-ը և այլ միջազգային կազմակերպություններ դա ուղղակի անտեսում են:

Մեզ մնում է հիշեցնել, որ Միավորված ազգերի կազմակերպության նպատակներից մեկն է՝ պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը և այդ նպատակով արդյունավետ համախմբված միջոցներ ձեռնարկել՝ կանխելու և վերացնելու խաղաղության սպառնալիքները, ինչպես նաև ճնշելու ագրեսիայի կամ խաղաղությունը խախտող այլ գործողությունները, և խաղաղ միջոցներով, արդարության և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հասնելու միջազգային վեճերի կամ խաղաղության համար վտանգավոր իրավիճակների շտկմանը կամ կարգավորմանը: 

 

Հայաստան Արցախյան