Աղդամից հինգ պակաս. բան չմնաց

Աղդամից հինգ պակաս. բան չմնաց

Հուլիսի 26-ին Հայաստանը մեծ շուքով 400 տոննա հումանիտար օգնություն ուղարկեց Արցախ: Ամբողջ ճանապարհը, ամեն քար ու թփի մոտ բեռնատարների կանգը նկարահանվում էր, լուսաբանվում, մի խոսքով՝ «ցմպապա» վիճակ:

Ճիշտ է, հետո պարզվեց՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օգնությունը 361 տոննա է, ինչպես նաև հումանիտար օգնությունն այդպես էլ հասցեատիրոջը չհասավ, և ՀՀ իշխանությունը դա քաջ գիտակցում էր: Ինչպես ասում են ռուսները՝ а воз и ныне там.

Հենց առաջին իսկ օրը հարցեր առաջ քաշվեցին. ինչո՞ւ հիմա ՀՀ-ն որոշեց հումանիտար օգնություն ուղարկել պաշարված Արցախին, երբ վերջինս շրջափակման մեջ է անցած տարվա դեկտեմբերից, արդյո՞ք համաձայնություն ստացել են ադրբեջանական կողմից, որ կթույլատրեն զմռսած սահմանով հումանիտար օգնություն ուղարկել, քանզի անգամ հիվանդներին ԿԽՄԿ ուղեկցությամբ չեն թույլատրում սահմանը հատել, և եթե ոչ, ապա ի՞նչ նպատակ է հետապնդում այս ակցիան:

Հարցը նորից կրկնենք՝ Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՌԱՊՆԴՈՒՄ ԱՅՍ ԱԿՑԻԱՆ, երբ ՀՀ իշխանությունը հստակ գիտեր ու գիտի, որ Ադրբեջանը չի բացելու սահմանը, չի թույլատրելու որևէ ապրանքի կամ դեղորայքի մուտք Արցախ, քանզի նույն ՀՀ իշխանությունը Արցախը «տեղափոխել» է իր կազմ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով: Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախով հանդերձ ճանաչել է դեռ անցած տարվա հոկտեմբերին Պրահայում, ըստ էության, ավելի սանձարձակ դարձնելով Ադրբեջանին իր ագրեսիվ հայատյաց քաղաքականության մեջ, հիմք դնելով երկու ամսից շրջափակմանն ու այս հեռահար պաշարմանը: 

Շրջափակումից ինը ամիս անց պարզ է՝ պրոցեսը պահանջում էր քայլ առ քայլ իրականացվող գործողություններ, անհնար էր միանգամից Արցախը Ադրբեջանի կազմ, այսպես ասած, տեղափոխել: Դեռ պաշտոնական, իրավական ուժ ունեցող որևէ փաստաթուղթ չկա, բայց գործողությունները քայլ առ քայլ արվեցին. օրինակ, ապօրինի կառուցվեց անցակետը Հակարիի կամրջի վրա, կառուցվեց ճանապարհը Աղդամից դեպի Ստեփանակերտ: Երեկ Ադրբեջանի բոլոր լրատվամիջոցները հպարտությամբ ազդարարում էին՝ Աղդամի ճանապարհը պատրաստ է: Ի՞նչ է սա նշանակում:

Սա նշանակում է մեկ բան՝ Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի համատեղ պլանը առաջիկա օրերին իր ավարտուն տեսքը կստանա: Երևանը՝ հումանիտար օգնություն ուղարկելով ու հստակ գիտակցելով դրա ճակատագիրը, մի նպատակ էր հետապնդում. ցույց տալ, որ ՀՀ-ից այլևս սպասելիք ունենալ պետք չէ, որ ՀՀ-ն չի կարող որևէ կերպ օգնել սովամահ լինող 120 000 արցախահայությանը, որ որևէ ճանապարհ չկա նրանց աջակցելու: Իսկ սա նշանակում է, որ իշխանության չարչրկված նարատիվը՝ Ստեփանակերտը պետք է ուղիղ բանակցի Բաքվի հետ, Երևանը կապ չունի, միս ու արյուն ստացավ: Արցախի իշխանությունը առաջիկա մեկ-երկու օրերին Աղդամով կընդունի Ադրբեջանից օգնություն, հիմնավորելով դա նրանով, որ ՀՀ-ից հնարավոր չէ, իսկ իրենք չեն կարող թույլ տալ արցախահայությանը տառապել ու սովամահ լինել: Չգիտե՞ր Արայիկ Հարությունյանը, որ այսպես է լինելու: Իհարկե՝ գիտեր: Պարզապես պետք էր ժողովրդին նախապատրաստել այս ցավոտ այլընտրանքին:

Սա Ադրբեջանին ինտեգրվելու առաջին քայլն է՝ ՀՀ և Արցախի իշխանությունների համատեղ օպերացիան, որն իրագործվում է մարդկային ճակատագրերի, տառապանքների, մահերի հաշվին:

 

Հայաստան Արցախյան