Փաշինյանի դիվանագիտական ձախողումը

Փաշինյանի դիվանագիտական ձախողումը

Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը կշարունակեն աշխատել հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ, 2023 թվականին նախատեսվում է երեք երկրների ղեկավարների գագաթնաժողով։ Այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանության մեջ՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ երեկվա եռակողմ բանակցությունների արդյունքների վերաբերյալ։

"Հայաստանը հասկանում է, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին որքան հնարավոր է շուտ հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ «համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (այս դեպքում՝ Ադրբեջանի- ՌԴ ԱԳՆ) բխող իրավունքները, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման բազմաթիվ կոնվենցիաները», -հավելել է Լավրովը։

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ Բաքուն և Երևանը «փոխադարձ հիմունքներով պատրաստ են» երաշխիքներ տրամադրել իրենց տարածքներում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման համար։

Վաշինգտոնի, Մոսկվայի, Բրյուսելի հարթակներում հայկական կողմի համար արձանագրվում են ցավալի ձևակերպումներ, որոնք առնվազն կասկածի տակ են դնում ԼՂ որևէ սուբյեկտություն: Ըստ էության, սրանք բանակցություններ են Բաքվի ինտեգրացիայի կամ ռեինտեգրացիայի օրակարգով: Արևմտյան և ռուսական հարթակների տարբերությունն այն է, որ Մոսկվան ԼՂ-ի համար գոնե հետկոնֆլիկտային այնպիսի կոնֆիգուրացիա է առաջարկում, որպեսզի հնարավոր լինի ռուսական խաղաղապահ առաքելության ներկայությունը: Արևմուտքի առաջարկած «միջազգային երաշխիքներն» ընդհանրապես զուրկ են բովանդակությունից ու մեխանիզմներից:

Կանգնած ենք վատի ու վատթարագույնի ծանր ընտրության առջև:

Վահրամ Բագրատյան