Ինչո՞ւ է լռում Փաշինյանը

Ինչո՞ւ է լռում Փաշինյանը

Բաքվից պնդում են՝ անցած շաբաթ Բրյուսելում հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունների օրակարգում ընդգրկվել և քննարկվել է նաև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը։

Նման պնդում անում են Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչներ, իսկ ԶԼՄ-ները այս թեմային նվիրում են տասնյակ վերլուծականներ՝ զարգացման տարբեր սցենարներով:
Ցավոք, հետպատերազմյան փուլում բանակցային գործընթացի շատ մանրամասներ մենք ստանում ենք հենց ադրբեջանական մամուլից: Հարևանների մամուլի արտահոսքերը Երևանը երբեմն հերքել է, սակայն ավելի ուշ դրանք հաստատվել են կոնկրետ փաստերով, երբեմն էլ պաշտոնական Երևանը լռություն է պապանել:

Այսպես կոչված, փախստականների թեման երկրորդ դեպքն է: Երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հանգամանալից խոսում էր բրյուսելյան բանակցությունների մասին՝ համառորեն շրջանցելով այս թեման: Դժվար չէ ենթադրել, որ Փաշինյանը հանգամանալից կանգ կառներ այս թեմայի վրա, եթե ադրբեջանական ԶԼՄ-ների նարատիվին հակազդելու բան ունենար:

Ցավով արձանագրենք, որ, այսպես կոչված, անկլավների ու փախստականների թեմաներն ապագա հնարավոր խաղաղության պայմանագրի ականներն են, ավելի ստույգ՝ այն թակարդը, որում հայտնվելու է խաղաղության գործընթացը՝ մեկնարկ տալով նոր պատերազմին:

Վահրամ Բագրատյան