Անբովանդակ ընտրություններ

Անբովանդակ ընտրություններ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 18-ի հերթական նիստում հաստատել է 2023 թվականի սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։

Կուսակցությունների առաջադրումները կլինեն օգոստոսի 3-ից 13-ը, գրանցումը՝ օգոստոսի 13-ից 18-ը, իսկ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ն է։

Ֆորմալ մասով կամ ինչպես կասեր դասականը՝ թղթով ամեն բան նորմալ է:
Ամբողջ խնդիրն այն է, որ բովանդակային հարթության վրա մոտենում ենք անիմաստ մի ընտրությունների:

Երևանի ավագանու ընտրությունները կարող էին նշանակալի իրադարձություն լինել, եթե ընդդիմությանը հաջողվեր դրանց կոնսոլիդացված մասնակցություն ունենալ: Ցավոք, նման բան տեղի չունեցավ ու սա գործող տիտղոսային ընդդիմության ինստիտուցիոնալ ճգնաժամի ցուցիչ է:

Մյուս խնդիրն այն է, որ որևէ ընտրություն կորցնում է իր բովանդակային, քաղաքական նշանակությունը՝ անվտանգային այսօրվա մարտահրավերների համատեքստում: Երբ Արցախը գտնվում է հայաթափությունից «5 րոպե պակաս» ռեժիմում, Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է, այլ խոսքով՝ երկիրը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առջև, երկրորդական- երրորդական է դառնում այն հարցը, թե որ ուժը կղեկավարի Երևանը:
Հայաստանին քաղաքական լուծումներ են պետք, սակայն՝ գլոբալ լուծումներ, որոնք լուծելի չեն երևանյան ընտրությունների միջոցով:

Վահրամ Բագրատյան