Արցախը փրկել է պետք. ընդդիմությունը ժամկետից շուտ փողոց դուրս կգա՞

Արայիկ Հարությունյանի անկեղծությանը հավատալ չարժե, նրա անցած ճանապարհն ու մեր տեսածը թույլ չի տալիս հավատալ, որ նա կարող է անկեղծ լինել։ Այդ մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Արցախում երեկ տեղի ունեցած իրադարձություններին։
Հիշեցնենք, որ ըստ մամուլի, մի քանի ժամ ԱԺ-ում քաղաքական ուժերի, նախկին նախագահների հետ քննարկումներից հետո Արայիկ Հարությունյանը երեկ գիշեր հանդիպել է Վերածննդի հրապարակում հավաքված արցախցիներին, նրանց տեղեկացրել է, որ մի քանի օրից հացի պակասի լուրջ խնդրի առաջ են կանգնելու և ամեն ինչ անելու են ճանապարհը բացելու համար։ Վերջինս հայտարարել է, որ ինտեգրումն ու Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացումը չեն ընդունում։
Նա նաև ասել է, որ մի քանի օրից հրաժարական կտա, եթե հարկ լինի։
Գեղամ Մանուկյանը նկատեց՝ Հարությունյանի անկեղծությանը հավատալը միամտություն է, թեև չի կարելի բացառել՝ դեպքերի այնպիսի զարգացում կարող է լինել, որ Հարությունյանը հրաժարական տա։
Հարցին, թե արդյո՞ք հենց այս պահին չէ ճիշտ ժամանակը փողոց դուրս գալու և արցախցուն ցույց տալու, որ ինքը մենակ չէ, չսպասել սեպտեմբերի 2-ին, հատկապես, որ արցախցին էլ է ոտքի կանգնել, Գեղամ Մանուկյանը պատասխանեց՝ իրենք ամենօրյա ռեժիմով արցախցու կողքին են։
«Դաշնակցությունն այն ուժն է, որը թե՛ Սփյուռքում, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հանուն Արցախի ակցիաներ է իրականացնում։ Եթե տեղյակ չեք, ապա աշխարհի տարբեր մայրաքաղաքներում ի աջակցություն Արցախի ակցիաներ են անցկացվում, մենք էլ սեպտեմբերի երկուսին ենք մեծ հանրահավաք ունենալու, թեպետ, առանց դրա էլ, ամեն պահի մեր գործողությունները հանուն Արցախի ու արցախցու են»,- ամփոփեց խոսքը Գեղամ Մանուկյանը։
Նարե Գնունի