Պետությունը պիտի իմանար ու հետևեր, չարեց. առևանգված տղաները չգիտեի՞ն վտանգի մասին

Պետությունը պիտի իմանար ու հետևեր, չարեց. առևանգված տղաները չգիտեի՞ն վտանգի մասին

Ադրբեջանի կողմից առևանգված երեք երիտասարդներն էլ ֆուտբոլիստ էին, ֆուտբոլի մեծ երկրպագու։ Վահե Հովսեփյանն ու Լևոն Գրիգորյանը ծառայությունը նոր են ավարտել, Ալեն Սարգսյանն էլ օրեր առաջ էր նշանադրվել։ 

MediaHub-ին տղաների ընկերներից մեկը պատմեց, որ երեքի ընտանիքներն էլ ծանր վիճակում են, տեղի ունեցածն իրենց համար անհասկանալի ու անելանելի խնդիր է։

Հարցին՝ Հայաստան եկող տղաները չգիտեի՞ն, որ թիրախավորված են թշնամու կողմից, վերջինս պատասխանեց․

«Երկու տարի առաջ այդ մասին իմացանք ադրբեջանական մամուլից, հետո կարծում էինք, որ խաղաղվեց։ Բայց այդ ցուցակները ծնողների մոտ կամ իրենք իրենց մոտ պիտի չպահեին, այլ պետությունը պիտի դրա մասին իմանար ու հետևեր, չարեց»,-ասաց նա։

Ալենը Երևան էր գալիս  Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ուսումը շարունակելու, Լևոնը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ էր ընդունվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել էր, որ ժամը 13:00-ի սահմաններում դեպի Հայաստան տեղափոխվող անձինք հասել են Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի մոտ, տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետ։ 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ 2001 թվականի ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։

Բացի դրանից, Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից ևս հինգ հոգու Ադրբեջանի սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու։ Հարցաքննության ընթացքում տվել են տարաբնույթ հարցեր՝ սպորտով զբաղվածությունը, ՀՀ գնալու նպատակը, Հայաստանում և Արցախում տնտեսական իրավիճակը և այլն։

Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ նախօրոք համաձայնեցված ցուցակներում առկա անձանցից ևս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել անօրինական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։
Երեք քաղաքացիներն էլ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների ուսանողներ են։

Հակարիի ապօրինի անցակետից ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցիների նկատամամբ Ադրբեջանի դատախազությունը 10-օրյա կալանք է կիրառել։

Լիաննա Թորոսյան