ՀՀ կառավարությունը պետբյուջեից 6 միլիոն դոլար է տրամադրում Ջենիֆեր Լոպեսի համերգը կազմակերպելու համար, ինչն ուղղակի հարկատուների գումարների վատնում է։ Պետբյուջեի, որի գումարները գոյանում են հասարակության վճարներից, յուրաքանչյուր ծախս պետք է ուղղված լինի նույն հասարակության բարօրության ու անվտանգության ապահովմանը, մնացյալը սոսկ մսխում է, լինի կամա, թե ակամա։
Իսկ հանրային ու պետական ի՞նչ հարց է լուծելու Ջենիֆեր Լոպեսի այցը, ոչ մի, բառացիորեն ոչ մի։ Այն պնդումները, թե համաշխարհային նմանատիպ աստղերի այցերը բարձրացնում են Հայաստանի հեղինակությունը, կեղծիք է, ինքնախաբեություն։
Նախ այդ համաշխարհային աստղերը, որպես կանոն, երբեք Հայաստան չեն ժամանում իրենց փառքի գագաթնակետին, այլ սովորաբար «թոշակի» անցնելուց 5 պակաս, կամ հետո։ Երկրորդը՝ նրանք պատրաստ են երգել ցանկացած մեկի հարսանիքին, օրինակ Աշոտիկի, ով կվճարի պահանջված հոնարարը, ինչն իհարկե նորմալ է, դա է մարդկանց աշխատանքը։ Աննորմալը այդ ամենին պետական հնչեղություն հաղորդելն է։
Բնականաբար նորմալ կլինի նաև հյուրին հավուր պատշաճի ընդունելը, այդ թվում երկրի ղեկավարի մակարդակով, բայց ոչ երբեք հարկատուների հաշվին։ Օրինակ, ըստ հրապարակումների, Ջենիֆեր Լոպեսի երկու օրվա սննդի համար նախատեսված է տրամադրել 37 հազար դոլար։ Մի քիչ դժվար է պատկերացնելը, թե երկու օրվա մեջ ինչպե՞ս է նա այդքան ուտելու, բայց ինչևէ, երևում է՝ տիկինը մեծ ախորժակ ունի, ճիշտ այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը, հետևաբար վերջինս կարող էր նրան հյուրընկալել իր տանը ու կերակրել իր տան սառնարանից, այլ ոչ հանրության գրպանից։
Ասածից ամենևին չի բխում, որ Ջենիֆեր Լոպեսը չպետք է գար Հայաստան, ոչ, ցանկալի է, որ Հայաստան գան բոլոր համաշխարհային աստղերը, առավել ցանկալի կլինի իրենց փառքի բարձունքին, սակայն համերգների կազմակերպումը, Նազելի Բաղդասարյանի համեմատությամբ՝ արտապատվիրակումը, մասնավոր ընկերությունների գործն է, շահույթը նույնպես նրանցը, իսկ պետության մասնակցությունն այդ ամենին լինում է ընդամենը հարկերի հավաքագրման տեսքով։
Հատկապես բարոյական չէ, որ Նիկոլ Փաշինյանը վատնում է ՀՀ պետբյուջեն այն դեպքում, երբ ուղիներ է փնտրում զրկել արցախցիներին աջակցությունից, որոնք հայրենազրկվել, ունեզրկվել ու տնազրկվել են իր պատճառով։
Բարոյական չէ նաև, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը սոսկ գոյատևում է, սակայն իր վճարած գումարներով ՀՀ իշխանությունները կազմակերպում են համերգներ, որին հիմնականում մասնակցելու են իրենք՝ ՔՊ-ականները։
Կարեն Կարապետյան