Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Հայ-թուրքական բարեկամության գագաթնակետին Էրդողանի տունը հնարավոր է դառնա կառափնարան տանող ամենակարճ ճանապարհը

Blog Image

Վահագն Խաչատուրյանը, ապագայում տրամադրվող «Զանգեզուրի միջանցքն» անվանելով Սյունիքի դարպասներ ու հայտարարելով, որ դրանց բացումը զարգացման հնարավորություններ է ստեղծելու, ակամայից խոստովանել է մեր անվտանգային համակարգի ամբողջական փլուզման մոտալուտ պատկերը։ 

Սովորաբար բառերը բացի հստակ նշանակությունից, ունենում են նաև առանձին ընկալումներ՝ բխող յուրաքանչյուր ազգի մենթալիտետից։ Օրինակ՝ երբ ասվում է տուն, հայերը պատկերացնում են կոնկրետ տուն, բնակարան՝ նախատեսված ապրելու համար։ Իսկ ճապոնացիների ընկալումներում տունը ոչ միայն բնակարանն է, այլև ամբողջական ընտանիքը՝ օջախը։

Մեզանում դարպասներ բառն ասոցացվում է նաև անվտանգության հետ, երբ դարպասները փակ են լինում, նշանակում է ոչ ոք չի կարող մուտք գործել քո տուն, ընտանիք, իսկ բաց դարպասները ոչ թե հնարավորություն են ստեղծում, այլ ճանապարհ են հարթում տարատեսակ հանցագործների համար։ Բաց դարպասները մարդկանց մոտ առաջացնում են անպաշտպանության զգացողություն, ու պատահական չէ, որ նույնիսկ ամենաանվտանգ գյուղերում, որտեղ բոլորն իրար ճանաչում են ու երբեք ոչ ոքի տնից գողություն չի լինում, մարդիկ անպայման քնելուց առաջ բանալիով փակում են դռները։

Սակայն նույն բառերն ունեն նաև ուժ։ Բացելով Սյունիքի դարպասները՝ մենք իրականում ճանապարհ ենք բացում պանթուրքիզմի գաղափարախոսության իրականացման համար, որտեղ Հայաստանը պարզապես վերածվելու է տարանցիկ ճանապարհի՝ հետագա հայաթափման ողջ իրատեսական վտանգով։ Հայաթափումը մշտապես եղել ու մնում է թուրքական օրակարգում։ Սխալվում են բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, որ փոխվել է աշխարհը, փոխվել են նաև թուրքերը։ Իրականում փոխվել է ոչ թե աշխարհը, այլ՝ քաղաքականության վարման գործիքակազմը։

Այս պահին Գազայում իրականացվում է հստակ ցեղասպանություն՝ բառիս բուն իմաստով, ու այդ «փոխված» աշխարհն ընդամենը դիտորդի կարգավիճակում է ճիշտ այնպես, ինչպես 1915 թվականին էին հետևում հայերի Ցեղասպանությանը։

Հետևաբար, եթե մենք թուրքերին ու ադրբեջանցիներին հրավիրում ենք Հայաստան, որպես դաշնակից տեսնելով այդ նույն թուրքերին (Նիկոլ Փաշինյանն իրականում ձգտում է ինտեգրման ոչ թե Եվրոպայի, այլ Թուրքիայի հետ), ապա նշանակում է, որ հիմք ենք ստեղծում նոր ցեղասպանության համար։ Նման սցենարի զարգացման դեպքում իհարկե կհնչեն դատապարտող հայտարարություններ, ինչպես Գազայի պարագայում է, Ֆրանսիան նորից իրեն կհռչակի հայերի բարեկամը․․․բայց գործնականում չի բացառվում՝ Փաշինյանին տանեն կախելու հենց Էրդողանի տնից։ 

Գրիգոր Զոհրապը սպանվելուց առաջ հարցրել էր. «Իսկ Թալեաթը տեղյա՞կ է»։ Իհարկե Թալեթաթը տեղյակ էր, ավելին՝ հենց Թալեաթն էր Հայոց ցեղասպանության կազմակերպիչն ու իրագործողը, այնինչ Աբդուլ Համիդին գահընկեց անելուց հետո հույս էր առաջացել, որ «առաջադեմ ու եվրոպաներում կրթություն ստացած» երիտթուրքերի հետ հնարավոր կլինի հասնել համակեցության նորմալ պայմանների։

Իհարկե, ասվածից չի բխում, որ երբևէ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ չպետք է հասնել հարաբերությունների կարգավորման, բայց դա պետք է տեղի ունենա միայն այն ժամանակ, երբ Հայաստանում կլինի քաղաքական, շեշտում եմ, քաղաքական իշխանություն, այլ ոչ թե մի անկենսագիր ու գաղափարազուրկ զանգված, երբ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում կլինի հստակ իրատեսական օրակարգ, այլ ոչ թե ծիծաղ առաջացնող «խաղաղության խաչմերուկ» մի տարածաշրջանում, որտեղ այս պահին ձգտում են ոչ թե խաղաղության, այլ ազդեցության ընդլայնման ու գերիշխանության հաստատման։ Հարաբերությունների կարգավորում հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանը կրկին օբյեկտից վերածվի միջազգային սուբյեկտի, ու բանակցություններն ընթանան իրավազորության պայմաններում ու փոխադարձ շահերի հարգման սկզբունքով, այլ ոչ թե Փաշինյանի խաղաղության ստորաքարշ մուրմամբ՝ քծնող ժպիտով ձեռքում ունենալով Էրդողանի նկարը։

Կարեն Կարապետյան

Send