2024 թվականի փետրվարի 5-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Նոր Արեշում։
Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի ունեցավ պայթյուն, որը կյանքեր խլեց, մի քանի ընտանիք էլ հայտնվեց դրսում՝ մնալով առանց տանիքի։
Հիշեցնենք, պայթյունի հետևանքով տեղի էր ունեցել փլուզում, ցավոք, կային զոհեր և երկու տուժած, որոնք հոսպիտալացվել էին: Փրկարարները փլատակներից դուրս էին բերել Նոր Արեշի 34-րդ փողոցի տներից մեկում ապրող ամուսինների` 37-ամյա Հայկ Սողոմոնյանի և 54-ամյա Գայանե Եղոյանի դիերը։ Իսկ օրեր անց՝ փետրվարի 12-ին, հիվանդանոցում մահացել էր փլատակներից դուրս բերված 86-ամյա Ռոզա Նազարյանը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ MediaHub-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում է այն, արդյո՞ք սա հերթական գործը չէ, որ, այսպես ասած, «գրվել է սառույցին»: Մենք դիմեցինք Քննչական կոմիտե, և պարզվեց, որ այնքան էլ չենք սխալվում՝ որևէ նորություն դեռ չկա։
«Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակված փորձաքննությունների եզրակացությունները դեռ չեն ստացվել։ Նախաքննությունը շարունակվում է»,- մասնավորապես տեղեկացրին Քննչական կոմիտեից։
Էմմա Մարտիրոսյան