Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել, ինչը վերջին շրջանում անընդհատ կրկնվող երևույթ է դարձել։ Խոշոր հրդեհը բռնկվել է կեսգիշերին, կրակը տեսանելի էր մայրաքաղաքի տարբեր անկյուններից:
Օդի աղտոտվածությունը Երևանում առանց այդ էլ շատ մեծ է, որոշ մասնագետներ անգամ հնչեցնում են «աղետալի» որակումը. Հատկապես երբ բարձրադիր հատվածներից ես նայում Երևանին, ապա այն գրեթե չի երևում փոշու պատճառով: Եվ երբ Նուբարաշենի աղբավայրը մի քանի ամիսը մեկ հրդեհվում է և ծխով պատվում, մայրաքաղաքը դառնում է գրեթե անտեսանելի, քաղաքացիների առողջությունն էլ վտանգվում է:
Դեռ օգոստոսյան հրդեհի ժամանակ MediaHub-ը զրուցել էր մասնագետների հետ, որոնք նշել էին այն բոլոր վտանգները, որ սպառնում են քաղաքացիներին: Այսօր էլ զրուցեցինք «Անկախ փորձագետ» ՀԿ նախագահ Ծաղիկ Վարդանյանի հետ:
«Միջավայրային գործոնը շատ մեծ նշանակություն ունի և այսօր ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոն է, իսկ գործոններից մեկը՝ օդի աղտոտվածությունն է: ՀՀ-ում ինչքան էլ ցանկանան ներկայացնել, որ ամենը լավ է, կապված, օրինակ, փոշու պարունակության քանակից, սակայն, միջազգային ցուցանիշները հստակ ներկայացնում են, որ ՀՀ-ում օդի աղտոտվածությունը միջին հաշվով 4-5 անգամ ավել է տարածաշրջանի ընդունված միջին չափանիշներից»,- նշեց Վարդանյանը:
Ըստ նրա՝ Նուբարաշենի աղբավայրի հարցով պետք է լուրջ զբաղվեն ոչ միայն Երևանի քաղաքապետարանը, այլ նաև Շրջակա միջավայրի նախարարությունը, Առողջապահության նախարարությունը:
«Աղբավայրին մոտ ապրող բնակիչների համար շատ վտանգավոր է նման իրավիճակը, և առաջին հերթին թոքային համակարգի, շնչառական համակարգի հետ կապված խնդիրներ ունեցողների համար: Բնակիչների օրգանիզմի վրա այն ունենում է բացասական ազդեցություն, պետք է զբաղվել այս հարցով, ամոթ է, որ ունենք բաց աղբավայր, որ այս աղբը չի մշակվում: Պետք է չարիքը բարիքի վերածվի, պետք է այնպես մշակվեր աղբը, որ ինչ-որ արտադրություն ստանայինք, բարօրություն ստանայինք, ինչպես այլ երկրներում է»,- ասաց Վարդանյանը:
Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում սա 3-րդ դեպքն է, երբ աղբավայրում խոշոր հրդեհ է բռնկվում, որի հետևանքով ամբողջ քաղաքը ծխով է պատվում։ Բժիշկների, փորձագետների կարծիքով՝ հրդեհը մի շարք առողջական խնդիրներ կարող է առաջացնել։
Նշենք նաև, որ Նուբարաշենի աղբավայրը շուրջ վեց տասնամյակի պատմություն ունի, նորանկախ Հայաստանի բոլոր իշխանությունները խոստանում էին աղբի վերամշակման գործարան կառուցել, լուծել այս խնդիրը, բայց մինչ օրս որևէ դրական տեղաշարժ այս հարցում չկա:
Մարիաննա Արամյան