Ինչո՞ւ է վտանգավոր ՀՀ իշխանությունների լռությունը անկլավների հարցով

Ինչո՞ւ է վտանգավոր ՀՀ իշխանությունների լռությունը անկլավների հարցով

Ադրբեջանը մի քանի անգամ շեշտել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ խնդրահարույց հարցեր կան, մասնավորապես՝ պահանջներ հարևանների նկատմամբ՝ նկատի ունենալով Արցախը:

Օրեր առաջ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար: Սակայն Ադրբեջանը շեշտում է, որ չի պատրաստվում փոխել իր Սահմանադրությունը։ 

«ՀՀ Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը և խորհրդարանի կողմից ընդունված այլ փաստաթղթերը տարածքային պահանջներ են պարունակում հարևան պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանի Սահմանադրությունը և այլ օրենսդրական ակտեր տարածքային պահանջներ չեն պարունակում հարևան պետությունների և Հայաստանի նկատմամբ, հետևաբար, այս հարցում զուգահեռներ անցկացնելու փորձերն անընդունելի են»,- հայտարարել էր թշնամի երկրի ԱԳ նախարարը:

Արդյո՞ք «խաղաղության օրակարգի» շրջանակներում ՀՀ իշխանությունը, այսքանից հետո էլ, կշարունակի նախապատրաստել սահմանադրական փոփոխությունները. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ։

«Սահմանադրության փոփոխության պահանջը առաջինը դրել է Ադրբեջանը մոտ մի քանի ամիս առաջ, ընդ որում ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Ադրբեջանն ուշադրություն դարձրած կլինի մեր Սահամանդրության վրա։ Ադրբեջանին անհանգստացնում են Սահմանադրության այն դրույթները, որոնք վերաբերվում են Հայաստանի՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքին»,- ասաց Քեռյանը։

Ըստ նրա՝ այլ բան, եթե Հայաստանը ճանաչած չլիներ ԼՂ–ն Ադրբեջանի կազմում, բայց Ադրբեջանը նայում է խնդրին այսպես՝ «եթե դուք ճանաչում եք տարածքային ամբողջականությունը, ԼՂ–ն էլ Ադրբեջանի կազմում, ապա պետք է Սահմանադրության այդ կետը փոխվի»։

Հարցին, թե ո՞րն է, ըստ նրա, սահմանազատման և սահմանագծման գործընթացի շարունակությունը՝ անկլավների հանձնո՞ւմը Ադրբեջանին, թե՞ գործընթացի մեկնարկ Սյունիքում, Քեռյանը իրականում նկատում է շատ վտանգավոր լռություն անկլավների հարցով։

«Եթե հիմքը 1976 թ–ի քարտեզն է, ապա այդ քարտեզով կան Ադրբեջանին պատկանող անկլավներ, և եթե այդ անկլավները տրվում են Ադրբեջանին, ապա Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս, Բերքաբեր գյուղերի դիմացն էլ է Ադրբեջանը լինելու, ետևում էլ է լինելու: Եթե Ադրբեջանն էլ պահանջեց դեպի անկլավներ ճանապարհ իր վերահսկողության տակ, սա նշանակում է, որ Տավուշի մարզի մոտ 50%-ը կդատարկվի, որովհետև մարդիկ չեն մնա այն պայմաններում, որ և՛ ետևում է Ադրբեջանը, և՛ դիմացը»,- նշեց քաղաքագետը։

Ապա հավելեց, որ հնարավոր է, որ Սրբազան շարժումը, որը մեծ բողոքական, հեղափոխական բնույթ է ստացել, ստիպի ՀՀ իշխանություններին խնդրել Ադրբեջանին, որ առայժմ հետաձգեն անկլավների հանձնման հարցը:

Մարիաննա Արամյան