Վահե Ղազարյանը, էն մյուսները ի՞նչ են, նրանք սկի անհատ էլ չեն, հլու ծառայող գործիքներ են. Գագիկ Համբարձումյան

Ոստիկանության պաշտոնաթող գեներալ Գագիկ Համբարձումյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է գնահատում Բագրատ Սրբազանի՝ արդեն մեկ ամիս տևող շարժումը, որևէ արդյունք այն կունենա՞։
«Գիտե՞ք ինչ, եթե մի բանի չհավատանք, մի բանի հետ մինչև վերջ չլինենք, ոչ մի արդյունք էլ չի լինի։ Նշանակում է՝ պետք է հավատանք, պետք է աջակցենք առանց հետ նայելու, առանց ինչ-որ զապաս տարբերակ հաշվի առնելու։ Էդ դեպքում կլինի արդյունք, և հուսանք, որ էդ արդյունքը կլինի»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Գագիկ Համբարձումյանը։
-Իսկ այդ արդյունքը Ձեզ համար տեսանելի՞ է, Դուք տեսնո՞ւմ եք դրա պտուղները։
-Գիտե՞ք ինչ, պտուղները տեսնելու հանգամանքը արդեն էս հանցավոր շայկայի վռնդման, փախչելու պրոցեսը պետք է լինի։ Դա հենց եղավ, շատ արագ պետք է իրականանա, ինչի՞ մասին է խոսքը։
-Բայց ոնց որ չեն գնում։
-Իհարկե, իրենց կամքով չեն գնա, հլը դեռ երկիրը մինչև վերջ չեն կործանել, ո՞նց կգնան, լիքը կործանելու խնդիր ունեն։ Հետևաբար պետք է ամեն ինչ անել և հասնել նրան, որ վռնդենք, թե չէ իրենք իրենց կամքով ինչո՞ւ պիտի գնան։ Ո՞ր մի թշնամին է գրավյալ տարածքից գնում, նույն կերպ՝ նրանք գրավել են իշխանությունը, ինչո՞ւ պիտի գնան, եթե վռնդող չկա։
-Իսկ Բագրատ Սրբազանի քայլերն ինչպե՞ս եք գնահատում, այս ընթացքում ինչ արել է՝ ճի՞շտ է արել։
-Գիտե՞ք ինչ, ցանկացած մեկն իր ձևով դա կարող է հասկանալ, գնահատել։ Պետք է հավատանք, պետք է հուսանք, որ ամեն ինչ ճիշտ է։
-Բայց ժողովրդի քանակն այդքան էլ ոգևորիչ չէ այս իմաստով։
-Դե, հիմա, դա ընդհանուր խնդիրն է, նրա քայլերն էլ հենց ուղղված են դրան, որ ժողովրդի մեջ արթնանա էդ ինքնապահպանության բնազդն առնվազն։
-Ի դեպ, Սրբազանը կառավարության կազմից էր խոսում, ճիշտ է՝ չհրապարակեց ցանկը, բայց ասաց, որ պետք է անցումային կառավարություն լինի։
-Ճիշտ արեց, որ չհրապարակեց, թե չէ բոլոր կողմերից շակալներ իրենց բան ու գործը թողած՝ պետք է արդեն էդ մարդկանց միսն ու ոսկորն ուտեին։ Իհարկե, ճիշտ արեց։
-Ճիշտ է՝ ինքը հայտարարել է, որ վարչապետի թեկնածու ինքն է լինելու, բայց մյուս կողմից էլ գուցե մարդկանց հետաքրքիր է, թե կառավարության կազմում ովքե՞ր են լինելու՝ նախկին իշխանության ներկայացուցիչներ կամ ներկա իշխանության ներկայացուցիչներ կլինե՞ն, թե՞ չեն լինի։
-Թե շատերին ինչ կհետաքրքրի, ես նման անասունների հարցը չեմ քննարկում։ Տունը «պաժառ է» ընկել, «պաժառը» հանգցնելու փոխարեն մտածում են՝ պաժառից հետո ո՞նց ռեմոնտ կանեն, ո՞վ կանի, ի՞նչ «աբոյ» կկպցնեն։ Էդ ի՞նչ անասնական մոտեցում է։ Էդ շատերին չի հետաքրքրում երկրի կործանումը կանգնեցնելը, հետաքրքրում է, թե ով կլինի էդ անցումային կառավարության մեջ։ Էսօր ունենք մի գլխավոր նպատակ՝ թշնամիներին վռնդել երկրի ղեկից։ Էդքան բան։
-Ոստիկանական գործողությունների մասին ի՞նչ կասեք․ նրանք մի պահ, կարծես, հանդարտվել էին, բայց ԱԳՆ-ի դիմացի դեպքերը ցույց տվեցին, որ նրանք նորից անցել են իրենց, ինչպես Դուք եք նշում, անասնական մեթոդներին։ Սա հատուկ ուղղորդո՞ւմ է կոնկրետ անձանց կողմից, թե՞ իրենց բնույթն է այդպիսին։
-Իհարկե, ուղղորդում է հատուկ։ Իրենք տեսնում են, որ ինչքան իներտ մասսա կա, մենակ, գաղտնի, երկու-երեք հոգով սեղանի շուրջ իշխանություն հայհոյող կա, էդ մեթոդներով աչք են վախեցնում, որ էդ իներտ անձինք հանկարծ չակտիվանան։ Իհարկե, ամեն ինչ հաշվարկված է։
-Իսկ անձամբ Նիկոլ Փաշինյա՞նն է ուղղորդում, որ ոստիկանները նման գործողությունների դիմեն, թե՞ Վահե Ղազարյանի ցուցումով են այդպես վարվում։
-Վահե Ղազարյանը, էն մյուսները ի՞նչ են, նրանք սկի անհատ էլ չեն, նրանք հլու ծառայող գործիքներ են, նրանց ասում են՝ «ֆաս», և իրականացնում են։ Մի անգամ քսի է տվել, որ տվյալ դեպքերում ինչպես վարվեն, նրանք էլ իրենց գործառույթները իրականացնում են։
Վահե Մակարյան