Լարսում կուտակում չենք հասցրել ունենալ, որովհետև մի քանի ժամ է ճանապարհը փակվել․ Վահան Հակոբյան

Առավոտյան ձնահոսք էր տեղի ունեցել Խաչի լեռնանցքում, ճանապարհը փակվել էր Վրաստանի տարածքում, երթևեկությունը դադարեցվել էր, բայց մոտ մեկ ժամ առաջ արդեն վերականգնվել է երթևեկությունը, ձյունը մաքրվել է։
Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Վերին Լարսի անցակետում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
-Իսկ այն, որ տեղեկություն տարածվեց, որ հայկական կողմի շուրջ 300 բեռնատար կանգնած է այդտեղ և առաջ չի շարժվում, դրա վերաբերյալ ի՞նչ տեղեկություն ունեք։
-Ոչ թե 300 բեռնատար կանգնած է, այլ դա մեր օրական բնականոն հոսքն է, որը Հայաստանից դուրս է եկել և դեռևս Լարսում ձևակերպում չի ստացել։ Դրանց մի մասը ճանապարհին է, մյուս մասն անցակետում է։ Բայց կուտակում չենք հասցրել ունենալ, որովհետև մի քանի ժամ է ճանապարհը փակվել։ Ճիշտ է, մեքենաները մի քանի ժամ սպասել են, բայց ճանապարհը արդեն բացվել է, և հիմա շարունակում են իրենց ընթացքը։
-Իսկ ռուսական կողմո՞ւմ ինչ վիճակ է։
-Մյուս կողմից էլ նույն իրավիճակն է, այնտեղից ճանապարհը բաց է, էլի մոտ նույն քանակությամբ բեռնատար էլ այն կողմից ունենք եկող։
-Արդեն ամառ է, ինչո՞վ է պայմանավորված, որ դեռ ձնահոսքեր են տեղի ունենում այդ տարածքում։
-Երևի տեղյակ եք՝ Խաչի լեռնանցքում ձյունը ուշ է հալում, ու քանի որ եղանակը արդեն տաքացել է, սկսել է ձյան հոսքը դեպի ներքև։ Հիմա մաքրեցին ձյունը, հուսով եմ՝ այլևս նման դեպքեր չենք ունենա։
-Իսկ մյուս հարցերով խնդիրներ չե՞ն առաջանում այլևս, մասնավորապես՝ ֆիտոսանիտարական հարցերով խնդիրներ էլ չկա՞ն։
-Ոչ, այս պահին ոչ մի խնդիր չունենք, մեր ձևակերպումները այս պահին բնականոն ընթանում են։
Վահե Մակարյան