Իշխանությունը շարունակում է պնդել՝ «հանե՛ք վրանը, կերկարացնենք աջակցությունը»․ մեր սկզբունքներն անփոփոխ են

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները համագործակցության որևէ եզր չեն գտնում ՀՀ իշխանությունների հետ։ Փոխվարչապետի մակարդակով ընդունում են արցախցիներին, սակայն, բովանդակային առումով որևէ հարց վերջնական լուծում չի ստանում։
Այսօր էլ գրասենյակի պատասխանատուն է ընդունել, ասել նույնը, ինչ օրեր առաջ ասել էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Իրենց առաջարկը մնում է նույնը՝ «ևս 2 ամսով երկարացնում ենք 40 հազարական աջակցությունը, միայն թե հանեք Ազատության հրապարակում տեղադրված վրան-շտաբը»։ Սակայն, մեր սկզբունքները ևս անփոփոխ են․ չենք հանելու, քանի որ մենք գումար չենք մուրում, այլ ուզում ենք, որ մեր հարցերին լուծումներ տրվեն, որ վերակագնվեն մեր ոտնահարված իրավունքները և արժանապատիվ ապրենք Հայաստանում»,- MediaHub-ին ասաց խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։
Արցախցիների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող շտաբում շարունակվում են հանդիպումները քաղաքական տարբեր միավորների հետ։
Ըստ մեր զրուցակցի՝ երեկ գերմանացի իրավապաշտպաններն են հանդիպել, դատապարտել գործող իշխանությանը՝ Արցախի հարցը վերջնական փակելու մեղքի մեջ։ Հանդիպումները կշարունակվեն։
«Մենք հյուրընկալում ենք ոչ միայն ընդդիմադիր ուժերին, այլ ուղղակի մարդկանց, ովքեր գալիս ու իրենց զորակցությունն են հայտնում մեզ, սովորական մարդկանցից մինչև հասարակական երիտասարդական կազմակերպություններ»,- նշեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ նախատեսվում է ապրիլի 23-ին՝ ժամը 18:30-ին, կարճ միջոցառում կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, որից հետո երթով կգնան Հանրապետության հրապարակ՝ միանալու ավանդական ջահերով երթին:
Հունան Թադևոսյան