Գարեգին Բ-ն կմասնակցի՞ Հռոմի պապի հուղարկավորությանը

Գարեգին Բ-ն կմասնակցի՞ Հռոմի պապի հուղարկավորությանը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին:
Կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդը, ըստ իր կտակի, ցանկացել է իր հուղարկավորությունը կազմակերպել պարզեցված ձևով։

Աշխարհի մի շարք առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Արգենտինայի ղեկավարներն արդեն հայտարարել են Վատիկան մեկնելու իրենց մտադրության մասին՝ վերջին հրաժեշտը տալու սրբազան քահանայապետին։

MediaHub-ը Մայր Աթոռից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Հռոմի պապի հուղարկավորությանը։

Ի պատասխան մեր հարցի Մայր Աթոռից պատասխանեցին՝ այո՛, ծրագրված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությունը Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողություններին։

88-ամյա Ֆրանցիսկոս պապը մահացել է ապրիլի 21-ին՝ առավոտյան: Ֆրանցիսկոս պապը Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի գահը ստանձնել էր 2013 թվականին:

Նարե Գնունի