ՀԷՑ–ը մարդկանց խաբում է, ավել գումարներ է գրում էլեկտրաէներգիայի համար. ահազանգ

Երևանի Լենինգրադյան փողոցի բնակիչները բողոքում են՝ էլեկտրաէներգիայի վարձավճարներն արդեն մի քանի ամիս է կրկնակի ավել է գալիս, բացի էլեկտրաէներգիայից, նույն վիճակը նաև ջրի և գազի վճարների հետ է։
Մասնավորապես, MediaHub–ի հետ զրույցում Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի բնակիչ Ռիմա Հայրապետյանն ահազանգեց՝ էլեկտրաէներգիայի դիմաց արդեն չորրորդ ամիսը վճարը կրկնակի է գալիս, թեև նախկինում, նույն ձև ապրելով ու նույն կենցաղը վարելով, նա վճարում էր 5000-6000 դրամ, այժմ 13.000 դրամ է վճարում։
Ռիմա Հայրապետյանը պաշտոնական պարզաբանում է պահանջել ՀԷՑ-ից, ներկայացնելով իր մտահոգությունն ու նկատառումները և ստացել պաշտոնական պատասխան, որ, այո՛, կա անհամապատասխանություն շենքում տեղադրված հաշվիչների և կենտրոնական կայանի հաշվիչների միջև։
«Բողոքեցի, եկան տարան հաշվիչները, որ ստուգեն, ասեցի՝ ինձ պաշտոնական պատասխան կտաք։ Հայաստանի էլեկտրական ցանցերի պաշտոնական պատասխանում գրված է, որ «ստուգվել է տան ծախսը գրանցող հաշվիչի միացման սխեման և սնող հաղորդալարերի վիճակը, ինչի արդյունքում պարզվել է, որ սխեման ճիշտ է, իսկ արկղից մինչև տուն հաղորդալարերից լարանցում և այլ թերություններ չկան»։ Սակայն, նույն փաստաթղթում գրված է՝ «համաձայն եզրակացության՝ հաշվիչն աշխատում է ճշտության դասում, սակայն հաշվիչի ցուցատախտակի վրա առկա տվյալները չեն համապատասխանում համակարգչային բազա մուտքագրված տվյալներին»,– ասաց տիկին Ռիման։
Ի վերջո, փաստաթղթում նշվում է, որ կկատարվի էլ․էներգիայի քանակի և արժեքի վերահաշվարկ, որը կմուտքագրվի Հայրապետյանի հաշվառման քարտին։
Ինչպես տիկին Հայրապետյանը հայտնեց MediaHub–ին, փոխանակ հաշվարկեն և իրենց սխալը գտնեն, նշում են, որ մի հատ էլ 3000 դրամ ինքն է պարտք։
«Իրենք իրենց սխալը փոխանակ գտնեն, ինձ իմ ավել վճարածը հետ ուղարկեն, մի հատ էլ ասում են, թե ես եմ պարտք 3000 դրամ: Կրկին բողոքել եմ Կենտրոնական էլեկտրացանց ու Հանրային վերահսկիչ կոմիտե։ Նույն իրավիճակում են բոլոր հարևանները, մեկ սենյականոց բնակարանում այդ ի՞նչ պետք է օգտագործեն, որ ամիսը լինի 15.000 դրամ։ Ոչ թե ես պետք է 3000 դրամ վճարեմ, այլ իրենք ինձ գումար պետք է վերադարձնեն, չորս ամիս իմ վրա կրկնակի հաշիվ են գրել»,– վրդովվում է տիկին Ռիման։
Ըստ նրա՝ ոչ միայն էլեկտրաէներգիայի համար են կեղծ թվեր ներկայացնում, այլ նաև ջրի և գազի, և ոչ միայն իր բնակարանի, այլ նաև իր հարևանների բնակարանների համար։
«Միշտ հեռախոսով եմ մուծում, կտրոնները պահում, արդեն որերորդ ամիսն է զանգում են, ասում են՝ չեք վճարել, ուղարկում եմ կտրոնը, ձեն չեն հանում, հետո մարտին գալիս է 13.000 դրամ, կրկին զանգում եմ, ասում եմ՝ էս ի՞նչ թվեր ա, ասում են՝ պատք եք, պարզվեց՝ իմ վճարածը գնացել է Մասիվում ապրող բնակչի հասցեին, գումարը վերջը վերադարձրին։ Ու այս անմարդկային վիճակը չգիտես ինչի մեր շենքում է, իրենք իրենց համակարգերը չեն կարողանում ուղղել։ Արդեն հոգնել ենք. էն խաբում է, մյուսը խաբում է, չգիտենք, որ մեկի դեմ պայքարենք»,– հավելեց մեր զրուցակիցը։
Մարիաննա Արամյան