«Դյուդելանժի» նկատմամբ տարած հաղթանակը մեզ համար ազդակ էր, որ ամուր ու վճռական լինենք սպասվող խաղերին․ ամեն ինչ մեր հավատով արեցինք․ «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ

«Դյուդելանժի» նկատմամբ տարած հաղթանակը մեզ համար ազդակ էր, որ ամուր ու վճռական լինենք սպասվող խաղերին․ ամեն ինչ մեր հավատով արեցինք․ «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ

Սպասվող խաղերին հաղթելու ցանկությունը մեծ է, հնարավորությունները մի փոքր քիչ են՝ մեր այսօրվա ռեսուրսներով, բայց շանս կա ու մենք ամեն ինչ անելու ենք այդ շանսը հաջողելու համար, մենք պրոֆեսիոնալներ ենք։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով հաղթեց «Դյուդելանժին» և դուրս եկավ հաջորդ փուլ։ 

«Այս հաղթանակը մեզ համար ազդակ էր, որ ամուր ու վճռական լինենք սպասվող խաղերին։ Ամեն դեպքում, չենք կարող ասել, որ միանշանակ հաղթելու ենք, մեր երկրպագուներն էլ են ֆուտբոլային մարդիկ ու նրանք ճիշտ են դատում իրավիճակը, մենք էլ, մեր երկրպագուներն էլ սպասում ենք և՛ հաղթանակի, և՛ պարտության, այդպիսի փուլում ենք», - ասաց նա։

Եղիշե Մելիքյանի խոսքով՝ հաղթանակն էլ, պարտությունն էլ պետք է ճիշտ ներկայացնել հանրությանը, որովհետև առջևում էլի խաղեր կան, որոնց թիմը խնդիրներով է մոտենալու: 

«Իհարկե, մենք պետք է գնանք մարզադաշտ այն նպատակով, որ հաղթելու ենք։ «Դյուդելանժի» հետ խաղը մեզ ապացուցեց, որ եթե անգամ խնդիրներով ենք խաղին մոտենում, բայց կա համառություն, մենք այն հաջողելու ենք։ Շնորհակալ ենք մեր նախագահին, որովհետև նա ճիշտ  աշխատանքով օգնում է մեզ և իհարկե, շնորհակալ ենք, մեր ֆուտբոլիստներին, որ այդքան նվիրված են․ ամեն ինչ մեր հավատով արեցինք», - նշեց գլխավոր մարզիչը։  

 

Լիաննա Թորոսյան