Ծայրահեղ ծանր են, սրտի բաց վիրահատության կարիք էլ կա. Ստեփանակերտի ԲԿ տնօրենը մանրամասնում է

Ծայրահեղ ծանր են, սրտի բաց վիրահատության կարիք էլ կա. Ստեփանակերտի ԲԿ տնօրենը մանրամասնում է

Ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 

Մոտ 26 ժամ առաջ ռուս խաղաղապահների քթի տակ Ադրբեջանի քաղաքացիները վրաններ տեղադրեցին Լաչինի հումանիտար միջանցքում։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները, կանայք ու երեխաները գիշերել են Գորիսում, մի մասն էլ՝ Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Արցախում հումանիտար ծանր աղետ կստեղծի՝ այս մասին հայտարարում են բոլորը:

Ինչպես MediaHub-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը, այս պահին հիվանդներ կան, որոնց շտապ պետք է տեղափոխել Երեւան։ 

«Ռեանիմացիայում ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու հոգի, որոնց անհապաղ պետք է տեղափոխել Երեւան՝ մասնագիտացված հիվանդանոց։ Մեկ այլ հիվանք էլ պետք է շտապ տեղափոխվի Նորք-Մարաշ կենտրոն՝ սրտի վրա բաց վիրահատություն իրականացնելու համար։ Հիվանդը պիտի ուղարկվի՝ շտապ ցուցումներով։ Ցավոք, այս պահին չենք կարող տեղափոխման հարցը լուծել։ Դեղորայքի, բուժպարագայի խնդիր այս պահին չունենք»,-ասաց Մուսայելյանը։ 

Կարմիր խաչից աջակցություն չեն ստացել, օդային տարբերակով հիվանդներին տեղափոխելու հարց եւս չի քննարկվել։ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի գործադիր տնօրենն ասաց, որ Արցախի իշխանությունները տիրապետում են ստեղծված իրավիճակին։ 

Մուսայելյանը մտահոգված է՝ մեծ դժվարությունների առաջ կկանգնեն, եթե շարունակվի փակ մնալ Լաչինի միջանցքը։ Բժիշկը այս պահին դժվարանում է ասել, թե քանի օր անց հիվանդանոցը կկանգնի դեղորայքի խնդրի առաջ։ 

«100-ից ավել հիվանդ ունենք պառկած, այս պահին կանխատեսել չենք կարող։ Համենայնդեպս, եթե այսպես շարունակվի՝ մեծ դժվարությունների առաջ կկանգնենք»,-ասաց նա։ 

Լիա Սարգսյան