Անգամ այս պահին Արցախում վախենում են խոսել

Անգամ այս պահին Արցախում վախենում են խոսել

Մեկ օր է, ինչ թշնամին փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ շրջափակման մեջ գցելով հայկական երկրորդ պետությունը։

Այս ամենի հետ կապված թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում անվտանգության խորհրդի նիստեր են հրավիրվել, ներկայացվել է տիրող վիճակն ու փորձ արվել լուծումներ գտնել։

Իսկ արդյո՞ք դիտարիկվել է այն տարբերակը, որ թշնամին դեռ մի քանի օր կարող է շարունակել այս սադրանքը, այդ դեպքում արցախցիների սոցիալական ապահովության համար ի՞նչ քայլեր են արվելու, դեռ երեկվանից լուրեր տարածվեցին, որ արցախցի դպրոցահասակ երեխաներ են մնացել ՀՀ սահմանում, ի՞նչ է արվելու նրանց համար։ Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ Արցախի  սոցիալական զարգացման և միգրացիայի փոխնախարար Վահրամ Առաքելյանի հետ։ 

Բայց մեր հարցերին նա հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ ինքը չէ հասցեատերը։

«Այդ հարցերն ինձ չպետք է ուղղեք»,- նշեց նա։

Իսկ թե ով է հասցեատերը, Առաքելյանը ոչ միանշանակ պատասխան հնչեցրեց․ «Դուք եք լրագրողն, ինքներդ պետք է իմանաք։ Արդեն ասացի, որ ոչ մի հարցի չեմ պատասխանելու»։

Նշենք, որ Արցախի մյուս գերատեսչությունների ներկայացուցիչների հետ ևս փորձել ենք կապ հաստատել, բայց զանգերն անպատասխան են մնում, թերևս, ասելիք չկա, հնչող հայտարարությունների տեքստից զատ ոչ ոք ոչնչի համար պատասխանատվություն չի փորձում ստանձնել։ Իսկ արցախցին պատասխանի է սպասում։

Նարե Գնունի