Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում հայտարարել է, թե իբրև իրենք կատարում են 2020թ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության բոլոր պարտավորությունները, ապա մեղադրել է ՀՀ-ին՝ դրանք իբրև չկատարելու մեջ։
«Ինչ են հայկական զինված ուժերն անում Արցախում։ Մեր համբերությունն անսահման չէ, և ցանկանում եմ ևս մեկ անգամ զգուշացնել, որ, եթե այդ պարտավորությունը չիրականացվի, Ադրբեջանը քայլեր կիրականացնի»,- ասել է նա։
Ալիևը ևս մեկ անգամ վերահաստատել է իր նկրտումները՝ Հայաստանի տարածքով միջանցքի, կամ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ և կրկին՝ սպառնալով, որ երկու տարի է, չեն կպչում մեքենաներին, որոնք ՀՀ-ից գնում են Արցախ՝ Բերձորով, սակայն առ այս պահը չկա Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհ։ Շատերը համարում են, որ Ալիևի այս ագրեսիվ հայտարարությունները հասցեագրված են բացառապես ներքին լսարանին: Ադրբեջանի նախագահի խոսքի պրոպագանդիստական բաղադրիչն ամենևին չենք հերքում, բայց ակնհայտ է նաև, որ նրա երեկվա ելույթը կոնկրետ ուղերձներ էր պարունակում, որոնք իրենց մեջ իրավիճակի նոր լարվածության ռիսկեր են պարունակում:
Որպես կանոն, Ալիևը «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսում է, երբ բանակցային առաջընթաց չի լինում ու նա այսպիսով փորձում է ճնշում բանեցնել Հայաստանի նկատմամբ:
Ըստ այդմ, մոտավոր պատկերացումներ կարող ենք կազմել Սոչիի ու Վաշինգտոնի բանակցությունների արդյունավետության մասին:
Հիմա գանք ռիսկերին: Ալիևն, ըստ ամենայնի, հող է նախապատրաստում Լաչինի միջանցքը փակելու կամ դրա վրա ադրբեջանական անցակետեր տեղադրելու համար: Իհարկե, սա խնդիր է, որը շոշափում է ոչ միայն հայ- ադրբեջանական, այլ նաև՝ հայ- ռուսական հարաբերությունները, բայց չմոռանանք, որ մենք ունենք Փառուխի նախադեպը:
Մյուս կողմից, հնչում է Արցախի զինաթափման պահանջը, որը գրեթե նույնական է ԼՂ-ն զինաթափելու վերջնագրի: Դժվար է Ալիևի այս հայտարարությունները միայն ներքին սպառման տեսանկյունից դիտարկել, ըստ այդմ՝ պաշտոնական Երևանը դիվանագիտական հարթության վրա պետք է կանխի Ալիևի ագրեսիվ մտադրությունները, մյուս կողմից՝ մինիմալի հասցնելով ռազմական նոր էսկալացիայի ռիսկերը:
Վահրամ Բագրատյան