Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ «Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Տավուշի մարզպետ, Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանն է:
Հրամայված է լռել
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը շատ զգուշավոր է խոսում Տավուշի մարզից «հանձնվող» տարածքների, անկլավների մասին։ Նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մարզպետ հայտարարել է, որ ինքն այդ հարցին չի ցանկանում պատասխանել, երբ լրագրողները հետաքրքրվել եմ, թե Տավուշի մարզում կա՞ն տարածքներ, որոնք հայկական չեն։
«Ես այդ հարցին չեմ պատասխանում»,-կտրուկ ասել է նա։
Երբ բարձրաստիճան պաշտոնյան նման կեցվածք է որդեգրում, ապա եզրակացությունների մեծ հնարավորություն, ըստ էության, չունենք: Ղալումյանը կամ փախչում է պատասխանատվությունից, կամ էլ տեղյակ է, որ ապագայում ինչ-որ տարածքներ հանձնվելու են, ինչի պատճառով էլ չի կարողանում կտրուկ հերքումով հանդես գալ:
Հստակ գնահատական
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը բավականին հստակ գնահատական է տվել Ղալումյանի «լռությանը»:
«Ես ուղղակի դժվար եմ պատկերացնում մեկ այլ երկրում բարձրաստիճան պաշտոնյային հարցնեն՝ «ձեր տարածքի այս գյուղը, որտեղ այս պահին մարդիկ են ապրում, դա կարո՞ղ է օտարվել այլ երկրի», այդ մարդը դժվարանա պատասխան տալ։ Եթե Տավուշի մարզպետը հրաժարվում է ասել, որ Տավուշի գյուղերը չեն տրվելու Ադրբեջանին, սա արդեն նշանակում է, որ պատրաստ են այդ տարածքները հանձնել»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը:
Մի խոսքով, քավորն՝ իր լռությամբ, նպաստում է սանիկի կապիտուլյացիոն քաղաքականությանը:
Վահրամ Բագրատյան