Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ընդդիմության՝ «զանգ կախելու» ժամանակը

Blog Image

44-օրյա պարտության երկրորդ տարելիցը ինքնահայեցման, սեփական սխալների խոստովանության և ապաշխարության հերթական, միգուցե մի վերջին հնարավորությունն է։ Ինքնամխիթարանքի այն խոսքերը, թե պարտվել ենք ոչ թե մենք, այլ այս վարչախումբը, երկու տարի անց խորապես ժամանակավրեպ են, քանի որ պարտվելով թշնամուն՝ նրանք «հաղթել են» սեփական պետությանն ու ժողովրդին։ Ազգային պետության ակունքներին վերադառնալու և կորսված արժանապատվությունը վերագտնելու համար արժե դիմել նույնիսկ հուսահատ միջոցների՝ աչքի առաջ ունենալով այն հանգամանքը, որ այս վարչախումբը երբևէ սեփական մեղքը չի ընդունելու, ներողություն չի խնդրելու և չի հեռանալու։

Հետպատերազմյան պետական կառավարումը ոչ թե նույնիսկ բարձիթողի վիճակում է, այլ մատնված է ինքնահոսի և շարունակվում է իներցիայի ուժով՝ առանց փաստացի ղեկավարման։ Չկա որևէ բնագավառ, որում գոհացուցիչ ցուցանիշներ լինեն, եթե անգամ կա, դրանում պետության մասնակցությունը զրոյական է։ Մեր պատմության այս էջը, որը գրվում է բոլորիս աչքի առաջ, ազգային ստորաքարշության և ապագա սերունդների առջև մեծ ամոթի մասին է։ Ցավոք, այն այլևս չես կարող պատռել կամ սրբագրել, առավելագույնը հետևանքների դեմ պայքարելն է, դրանք մեղմելը։

Ցավոք, 2021-ի արտահերթը, դրան նախորդած և հաջորդած ընդդիմադիր ալիքների տապալումներն ի ցույց դրին ճահիճը, քաոսն ու սողացող պատերազմը գերադասելու հավաքական մտայնությունը։ Ճակատագրի հեգնանքով՝ իշխանախմբին սատարող կուռ շարքերն էլ հենց դարձան հետընտրական դժգույն իրականության զոհերը։ Պատերազմը Հայաստանի թիկունք տեղափոխվելուց մինչև հոռի սոցիալ-տնտեսական ցուցանիշներ՝ առաջինը ցավալիորեն տուժում է հենց «Ապագա կա՛» կարգախոսին հավատ ընծայած ընտրազանգվածը։

Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունից մեկուկես տարի անց նրա երբեմնի աջակիցների նոսրացած շարքերն անգամ սկսել են պնդել, որ այս կառավարությունը մեզ պետք չէ և իրավունք չունի ղեկավարելու երկիրը։ Սոցիոկրիտիկ զանգվածը կա, օդում սավառնող խուլ դժգոհությունը՝ նույնպես, մնում է այն քաղաքականապես ձևակերպել և ուղղորդել ճիշտ նպատակակետին։ Սա նախևառաջ տիտղոսային, խորհրդարանական ընդդիմության խնդիրն է, նրա աշխատանքի արդյունավետության հիմնական ցուցիչը։ Մինչդեռ ընդդիմադիր վերջին հանրահավաքներին ցուցարարների դժգոհությունը հստակ է՝ «բոլորը ճառ ասող են, զանգ կախող չկա»։ Այո՛, երկու տարի շարունակ փորձարկված գործողությունների կրկնության դեպքում, երբ չկա հստակ այլընտրանքային ծրագիր, անհնար է այլ արդյունք ակնկալել, և այստեղ պարզ բողոքավորի կարծիքը քաղաքագիտորեն շատ ավելի հիմնավոր է, քան ընդդիմության որոշ առաջնորդներինը։

Ճգնաժամային իրավիճակներում Փաշինյանի ձեռագիրը հայտնի է և բազմիցս անխափան գործել է՝ գնալ «վա-բանկ», ապա այդ հերթական փորձությունից դուրս գալ ավելի բյուրեղացած ու ամրապնդված։ Օրինակ, 2021-ի արտահերթի նշանակումը, ներքաղաքական մթնոլորտի գերշիկացումը, ճգնաժամի ստեղծումը, փաստորեն, հենց այդ նպատակն էին հետապնդում՝ վերարտադրվելու, ապա քաղաքական հակառակորդների նկատմամբ ավելի կոշտ և ռեպրեսիվ քայլերի դիմելու։ Քանի՜ անգամ է նա խորհրդարանի, կառավարության, ֆեյսբուքյան լայվերի և ասուլիսների իր ելույթներով ապացուցել, որ իշխանությունը պահելու ճանապարհին ոչնչի առջև կանգ չի առնի։ Կարմիր գծեր, բարոյականություն, ճշմարտախոսություն, պարկեշտություն, կոռեկտություն՝ սրանք նրան և իր քաղաքական թիմին խորապես անհաղորդ որակներ են։

Ցավալին այն է, սակայն, որ այդ ամենի դեմ պայքարի արդյունավետ միջոց ընդդիմությունը դեռևս չի գտել։ Արդյունքում՝ Փաշինյանն արդեն չորսուկես տարի է՝ անարգել թելադրում է սեփական քաղաքական օրակարգը, ստիպում խորհրդարանական ընդդիմությանը գործել խաղի իր կանոններով։ Ցավոք, ընդդիմադիր երկու խմբակցություններից ակնկալիքները լիովին այլ էին։ Կհաղթահարի՞ տիտղոսային ընդդիմությունը արմատականության և կառուցողականության կեղծ անջրպետը, ուրեմն կվերածվի իրական այլընտրանքի և իշխանափոխության հայտ կներկայացնի։

Դավիթ Սարգսյան

Send