Հրավեր չունենալը՝ որպես Արցախ չմեկնելու պատճառ բանեցնելն այս անգամ «չի աշխատի»

Արդեն հայտնել ենք, որ Արցախի Հանրապետության Անկախության օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չեն ստացել, և հայտնի չէ՝ նրանք մեկնելո՞ւ են հայկական երկրորդ պետություն, թե՝ ոչ։
Հրավեր չլինելը՝ որպես Արցախ չմեկնելու պատճառաբանություն ներկայացնելը, սակայն, այս անգամ «չի աշխատի»։ MediaHub.am-ին հայտնի դարձավ, որ Արցախի նախագահի աշխատակազմը տոնին ընդառաջ որևէ հրավեր չի ուղարկել։
«ԱՀ նախագահի աշխատակազմը Հանրապետության հռչակման օրվան ընդառաջ որևէ հրավեր չի ուղարկել: Միջոցառումները բաց են: Ուրախ կլինենք ընդունել Արցախի բոլոր բարեկամներին»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
Սա նշանակում է, որ տոնական օրը Արցախում լինել կամ չլինելը անձնական որոշման տիրույթում է և բացառապես սեփական ցանկությունից է կախված: Թերևս չենք սխալվի, եթե ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը այս տարի ևս չի մեկնի Ստեփանակերտ, ինչպես և չի մեկնել Արցախ 2020 թվականի պատերազմից հետո: