Փաշինյանի դեպքում պարզ չի, իսկ Սիմոնյանի դեպքում հստակ է՝ Արցախից որևէ հրավեր չի եղել

Փաշինյանի դեպքում պարզ չի, իսկ Սիմոնյանի դեպքում հստակ է՝ Արցախից որևէ հրավեր չի եղել

Արդյոք Հայաստանի իշխանական վերնախավը կկոտրի պատերազմից հետո ձևավորած պրակտիկան և կմեկնի հայկական երկրորդ պետություն՝ Արցախ, սեպտեմբերի 2-ին հանրապետության Անկախության օրը նշելու. հարցի պատասխանը մինչ այս պահը հստակ չէ։ 

Այսպես, Mediahub-ի հարցմանը, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը այս տարի կմեկնի Արցախ, թե ինչպես 2021-ին էր դարձյալ չի լինի Ստեփանակերտում, պատասխան ստացվեց՝ ժամանակին կիմանաք։ Թե ե՞րբ է այդ ժամանակը, ստացվեց գրեթե նույն պատասխանը՝ դա էլ ժամանակին կիմանաք։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը, թերևս, այդպես է պնդում։ 

«Վարչապետի բոլոր այցերի մասին մենք ժամանակին հաղորդագրություն ենք տարածում: Ժամանակին ամեն բան կիմանաք»,- ասաց Արմեն Խաչատրյանը։ 

Եվ ամենահուշագրավ պատասխանը. «Ես չգիտեմ՝ վարչապետն Արցախից պաշտոնական հրավեր ստացել է, թե՝ ոչ»,- նշեց նա։ 

Եթե Փաշինյանի աշխատակազմում չգիտեն՝ վերջինս հրավեր ստացե՞լ է Արցախից,  թե ոչ, ապա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեպքում ամեն բան հստակ է․ նա հրավեր չի ստացել։ 

«Ալեն Սիմոնյանն Արցախից հրավեր չի ստացել՝ մասնակցելու Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված միջոցառմանը»,- մեզ հետ զրույցում ասաց Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ 

Հարցին, թե Սիմոնյանն, այնուամենայնիվ, չի՞ մեկնի Արցախ, պարտադիր պետք է հրավե՞ր լինի, Խաչատրյանը պատասխանեց՝ չգիտի, թե Սիմոնյանն ինչ է որոշելու։ Հիշեցնենք, որ նախորդ տարի նույն միջոցառումների շրջանակում իշխանական վերնախավից Արցախ էին մեկնել միայն ՔՊ-ական մի քանի պատգամավորներ, որոնք հայկական երկրորդ պետությունում թիկնապահներով էին շրջում։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին, ապա նրանք նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ոչ մի անգամ պաշտոնական այց չեն կատարել Արցախ։

Ի դեպ, Փաշինյանը նաև պատերազմի տարում՝ 2020 թվականի սեպտեմբերի 2-ին չի եղել Ստեփանակերտում: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, պատերազմից առաջ վերջին անգամ Փաշինյանը Ստեփանակերտում եղել է օգոստոսի 29-ին, երբ տեղի է ունեցել իր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը:

 

Նարե Գնունի