Երեք լուրջ առաջարկ եմ արել, չեն կատարել, պարտվել ենք․ Բաբայանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարություններին

Երեք լուրջ առաջարկ եմ արել, չեն կատարել, պարտվել ենք․ Բաբայանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարություններին

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, երբ ինքը Ստեփանակերտում էր՝ ՊԲ-ի հրամանատարական կետում, այդ ժամանակ արդեն տեղի էր ունեցել 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքումը։ Խոսելով Լելե Թեփե օպերացիայի մասին՝ Փաշինյանը նշեց, որ Ստեփանակերտից կապ է հաստատել Օնիկ Գասպարյանի հետ, խնդրել է Սամվել Բաբայանին իր տեսլականը ներկայացնել, վերջինս էլ ասել է, որ տրամաբանություն կա մեջը։

«Գասպարյանն ասել է՝ կարծում է, որ ՊԲ հրամանատարը պետք է ձևավորի պլան ու ինքը գնահատի դրա իրագործելիությունը»,-ասաց Փաշինյանը։

MediaHub-ը «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանին խնդրեց պարզաբանել, թե իրականում ինչ է տեղի ունեցել և ինչու առաջարկված օպերացիան չի կատարվել կամ թերի է կատարվել։

«Հոկտեմբերի 5-ին, երբ թշնամին ճեղքել էր պաշտպանությունը և հայտնվել Ջրականի մատույցներից, որտեղից էլ շարժվում էր դեպի Խուդաֆերի, ես առաջարկել եմ թիկունքից կտրել, փակել հակառակորդի առաջ շարժը, որպեսզի հնարավորություն չտանք նրանց իրենց ուժերը մատակարարել։ Այս իրողությունը Լելե Թեփեից 15 կմ հետ էր, Լելե Թեփե օպերացիա չկար, սա որոշ մարդիկ են այդպես անվանել, սրա համար էլ ասում եմ, որ քրեական գործ պետք է հարուցվի։ Ինչևէ, առաջարկածս գաղափարը ճիշտ է եղել և ընդունվել է, բայց իմ ասած ճանապարհ կտրելը չի եղել, թշնամին չի դիմադրել, բայց օպերացիան իրականացնողներն էլ առաջ չեն գնացել, ինչ-որ քանակ ճեղքում են արել, որից հետո էլ առաջ չեն գնացել։

Թե ինչու, քննությունը կպարզի, ես ոչինչ չեմ ասի այս մասին։ Ես միայն մի բան կարող եմ ասել, որ գաղափարը հոյակապ է եղել, որը իրագործելու դեպքում այս պատկերը չէինք ունենա և թուրքը Շուշի չէր հասնի։ Մնացածը հեքիաթների բաժնից է»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ այսօր իր խոսքի ընթացքում Փաշինյանը ինչ-որ դրվագներով խոսում է նաև Մովսես Հակոբյանի մասին, նշելով, որ պետք է դեռ ստուգի, թե Հակոբյանը իրավունք ուներ է «բունկերում» գտնվել, թե ոչ, վերջինս պատասխանեց․

«Ես չգիտեմ, թե ով որտեղ և ինչու պետք է գտնվեր։ Ես այնտեղ էի Արցախի նախագահի խնդրանքով, որ հետևեմ ընթացքին, երեկոյան ներկայացնեմ, թե ինչ է կատարվում։ Ես արել եմ այն, ինչն ինձնից էր պահանջում։ Երեք առաջարկ եմ արել, երեքն էլ լուրջ էին։ Մեկն այն էր, ինչի մասին խոսում էինք քիչ առաջ, մյուսն այն էր, որ կտրեին Շոշից Շուշի եկոց ճանապարհը, մյուս առաջարկս էլ եղել է Միրբաշիրի ուղղությամբ։ Երեքն էլ ամբողջական չի կատարվել, չեն ցանկացել կատարել, մեկը փորձեցին, չկարողացան կատարել։

Սրանցից, որ մեկն էլ կատարեին հաղթանակը մերն էր լինելու։ Իսկ «բունկերում» սրա կամ նրա լինելն իմ գործը չէ, Ջալալ Հարությունյանին հարցրեք, թե ինչու Սեյրան Օհանյանին թույլ տվեց «բունկեր» մտնել, հետո արգելեց, Մովսես Հակոբյանին, Վիտալի Բալասանյանին, Օգանովսկուն թույլ տվեց կամ թույլ չտվեց։ Ջալալն է հարցերի հասցեատերը, ինքն է որոշել»,-շեշտեց Բաբայանը։

Լիաննա Թորոսյան