Ռուսը եկավ, զոհվածի նկարը գյուղից հանեց, որովհետև ադրբեջանցուն դուր չէր գալիս, իրեն ո՞նց դիմեմ․ Ավդուռի գյուղապետ

Ռուսը եկավ, զոհվածի նկարը գյուղից հանեց, որովհետև ադրբեջանցուն դուր չէր գալիս, իրեն ո՞նց դիմեմ․ Ավդուռի գյուղապետ

Երկու օր առաջ Մյուրիշենից Ավդուռ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածի դաշտավայրում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակել էին բացել Մյուրիշենի բնակչի ուղղությամբ: Կրակոցների հետևանքով դադարեցվել էին գյուղատնտեսական աշխատանքները:

MediaHub-ի հետ զրույցում Ավդուռի վարչական ղեկավար Վարուժան Գրիգորյանը փոխանցեց, որ աշխատանքներն արդեն վերսկսել են։

«Երեկ խոտն էին քաղում, այսօր արդեն կապել են։ Նույն տրակտորով աշխատում են, ևս մեկ տրակտոր են բերել։ Դաշտերը դիրքերին մոտ են»,-ասաց նա։

Հարցին՝ քանի որ ռուս խաղաղապահներին էին դիմել, ի՞նչ են արձագանքել խաղաղապահները, արդյո՞ք փորձել են միջամտել, վերջինս պատասխանեց․ «Ոչ, ում ինչ ասեմ, ի՞նչ պիտի անեն։ Ռուսին մի անգամ դիմեցինք, եկավ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի նկարով դրոշն իջեցրեց, որովհետև ադրբեջանցուն դա դուր չէր գալիս։ Գյուղը մենք ենք հսկում, աշխարհազորով, պոսը մենք ենք նայում։ Մեր գլխի ճարը մենք չենք տեսնում, որ վաղը մյուս օրը չգան, ասեն՝ գյուղից դուրս եկեք»,- ասաց գյուղապետը։

Լիաննա Թորոսյան