Ջենիֆեր Լոպեսի համերգի տոմսերը գրեթե անհնար է գնել

Ջենիֆեր Լոպեսի համերգի տոմսերը գրեթե անհնար է գնել

Ջենիֆեր Լոպեսի համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին, Երևանի Վազգեն Սարգսյան հանրապետական մարզադաշտում։

Ջեյ Լոն ամռանը կայանալիք համերգային տուրի մասին հայտնել էր «Ինստագրամ»-ի իր էջում։ Նույն հարթակում էլ տեղեկացրել էր, որ երևանյան համերգի տոմսրի վաճառքը կմեկնարկի այսօր՝ ժամը 12.00-ից:

Սակայն այս պահին գրեթե բոլոր տոմսեր վաճառող կայքերը չեն աշխատում, և տոմս գնելու փորձերը ձախողվում են. կայքերը կա՛մ շատ դանդաղ են աշխատում, կա՛մ «կախում են»։

Օրինակ, Tomsarkgh.am կայքում գրված է․ «Այս պահին տոմս ընտրողների քանակն ավելի շատ է, քան հասանելի տոմսերը։ Խնդրում ենք փորձել մի փոքր ուշ»։

Օգտատերերը սոցիալական ցանցում բողոքում են, որ բոլոր մատչելի տոմսերը այժմ այսպես կոչված «սպեկուլյանտները» կգնեն, որպեսզի հետագայում վաճառեն կրկնակի, եռակի գնով:

Հիշեցնենք, որ տոմսերի գինը սկսվում է 25 000-ից, ամենաթանկը կարելի է ձեռք բերել 180 000 դրամով:

Նշենք, որ Ջենիֆեր Լոպեսը իր «Up all night» խորագիրը կրող համաշխարհային տուրի շրջանակներում համերգներ կտա նաև Թուրքիայում, Իսպանիայում, Եգիպտոսում, Հունգարիայում, Լեհաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ղազախստանում և այլ երկրներում։

Մարիաննա Արամյան