Ո՛չ Հայկ Խանումյանի և ո՛չ որևէ այլ թեկնածուի մասով քննարկում կամ առաջարկություն չի եղել

Բռնի տեղահանությունից հետո Արցախի իշխանությունները հանձն են առել պահպանելու Արցախի պետական ինստիտուտները, մասնավորապես նախագահի կաբինետն ու խորհրդարանը, հակառակ այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը բազմիցս դեմ են արտահայտվել Արցախի ոչ միայն ինստիտուտների պահպանման, այլև Արցախ անունը շրջանառելու հարցին։
Մայիսի 21-ին լրանում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը։ Արցախի տարբեր քաղաքական ուժեր խոսում են նոր նախագահի ընտրության մասին, մասնավորապես, մամուլում շրջանառվում է անգամ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության անդամ Հայկ Խանումյանի անունը։ Արցախի ԱԺ պատգամավորներից մեկը MediaHub-ին ասաց, որ առ այս պահը որևէ քննարկում թե՛ Խանումյանի և թե՛ այլ թեկնածուի մասով չի եղել։
«Չգիտեմ՝ Խանումյանի անունը որտեղից է դրվել շրջանառության մեջ, սակայն մինչ օրս որևէ թեկնածուի մասով քննարկում կամ առաջարկություն չի եղել։ Այնպես չէ, որ Սամվել Շահրամանյանի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել Հայաստանում։ Նա, ինչպեսև մենք բոլորս, բախվում ենք շատ ու շատ դժվարությունների։ Իսկապես Արցախի ինստիտուտների պահպանումը մեզ համար խիստ անհրաժեշտ հարց է, մենք պարտավոր ենք դա անել, քանի որ ունենք վերադարձի իրավունք, դրա մասին խոսում է նաև միջազգային հանրությունը, բայց բոլորը միաբերան ասում են, որ ՀՀ իշխանությունը պետք է զբաղվի այդ հարցով։ Բայց մենք գիտենք ինչպիսինն է վերաբերմունքը այն ղեկավարի, որը ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, որը մեզ տվեց փախստականի կարգավիճակ և որը ձախողեց արցախցիների հետ կապված ցանկացած հարց»,- MediaHub-ին ասաց արցախցի պագամավորները։
Նրա խոսքով՝ Սամվել Բաբայանն արդեն հայտարարել է, որ մտադրություն չունի առաջադրվելու Արցախի նախագահի պաշտոնում: Մեր տեղեկություններով՝ Սամվել Շահրամանյանը դեռեւս երկմտում է։ Սակայն, կառավարության անդամներն ու ընկերները հորդորել են նրան մնալ։
«Մեզ համար այս պահին ամենահրատապ բանը Արցախի ինստիտուտների պահպանումն է։ Դրա անհրաժեշտությունը, կարծում եմ, չպետք է լիներ, եթե ՀՀ գործող իշխանությունը միջազգային հարթակներում ներկայացներ արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի հարցը, հավուր պատշաճի ընդուներ արցախցիներին, լուծեր նրանց սոցիալական խնդիրները, ամենաբարձր մակարդակներով խտրական վերաբերմունքի չարժանացներ և վերջապես Արցախը ներկայացնող նրա լեգիտիմ ղեկավարության հետ կոնսենսուսի շրջանակում գնար համագործակցության, և այդպես աջակցությունների, բնակապահովման, ինտեգրման, աշխատանքի ապահովման ծրագրերում և մյուս ոլորտներում կունենայինք որոշակի արդյունավետություն»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան