ՊԵԿ-ում «տեռnրը» շարունակվում է՝ Էդուարդ Հակոբյանի ցուցումով և այդպես էլ չնշանակված «ՆԱՎ-ի պետի» ակտիվ մասնակցությամբ 

ՊԵԿ-ում «տեռnրը» շարունակվում է՝ Էդուարդ Հակոբյանի ցուցումով և այդպես էլ չնշանակված «ՆԱՎ-ի պետի» ակտիվ մասնակցությամբ 

Պետեկամուտների կոմիտեն շարունակում է հարկային ու մաքսային տեռորի ենթարկել «տուգանքի մատերիալ չհանդիսացող» ՀՀ քաղաքացիներին, որոնք որոշել են Հայաստանում բիզնեսով զբաղվել և հարկ վճարել ՀՀ պետբյուջե, որ շենացնեն պետությունը։ Բայց ամեն օր ենթարկվում են «տեռորիստական» հարձակման ՊԵԿ-ի կողմից, որ պետությունը «շենացնեն» իրենց տունը քանդելու հաշվին։ Եվ այդ ամենը տեղի է ունենում ՊԵԿ ստվերային ՆԱՎ-ի պետ Գառնիկ Մարգարյանի ակտիվ մասնակցությամբ և նրան հովանավորող ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի հստակ ցուցումով։ 

Նա, կարծես թե, որոշել է շարունակել Ռուստամ Բադասյանից մնացած «ահաբեկչական» ավանդույթները՝ նոր թափ հաղորդելով դրանց։ MediaHub-ը դեռ հունվար ամսին անդրադարձել էր այս թեմային, որ Ռուստամ Բադասյանից հետո ՊԵԿ նախագահ նշանակված Էդուարդ Հակոբյանը կադրային ջարդ է սկսել ու Բադասյանի օրոք նշանակված կադրերից ազատվելով՝ իր կադրերին է բերել, որոնց մի մասը բառացիորեն բեսդպրեդելով են զբաղված համակարգում։ Այդ կադրերից մեկը Գառնիկ Մարգարյանն է, որը ներքին անվտանգության վարչության՝ ՆԱՎ-ի խորհրդական է նշանակվել, որ հետո կարողանա նշանակվել բուն ՆԱՎ-ի պետ։ Նա ՊԵԿ նախագահի մտերիմ ընկերն է ու նախկինում Կենտրոնի դատախազներից է եղել, այժմ ՊԵԿ-ում ՆԱՎ-ի ստվերային պետ է աշխատում և ինքն է «ռուլիտ» անում համակարգը։ Նրանից դժգոհությունները շատ են, ասում են՝ Բադասյանի օրոք դրսևորվող հարկային տեռորը հիմա ավելի մեծ մասշտաբների է հասել, և տնտեսվարողներին ուղղակի օր ու արև չեն տալիս, համատարած ստուգումներ են, որոնց շրջանակներում միլիոնավոր դրամների տուգանքներ են գրում՝ տնտեսվարողներին հասցնելով սննկացման։ Ու փող քերելու հիմնական գործիքը Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով շանտաժ անելն է, որ եթե չմուծվեն՝ քրեական վարույթ կնախաձեռնեն և կնստեցնեն։ 

Այս օրերին մեզ բազմաթիվ մանր ու միջին գործարարներ են դիմում՝ դժգոհելով ՊԵԿ-ի իրականացրած անմարդկային վարչարարությունից և հարկային տեռորից։ Ասում են՝ իրենց կաշիները քերթելու գնով ուզում են ուռճացված թվերով գրված բյուջեն լցնել։ Ու այս ամենը ղեկավարում է հենց Էդուարդ Հակոբյանի նշանակած ստվերային ՆԱՎ-ի պետը, որի պաշտոնական նշանակումը դեռ տեղի չի ունեցել։ ՊԵԿ-ից ասացին՝ ըստ ընթացակարգի պետք է կատարվի նշանակումը, այս պահին դեռ նշանակում չունեն։ 

Նշենք, որ արդեն մոտ վեց ամիս է՝ այս վիճակն է ՊԵԿ-ում։ Մեզ ասացին՝ Գառնիկ Մարգարյանն ու Հակոբյանի բերած մյուս կադրերը քննությունների են պատրաստվում, որ կարողանան օրենքի տառը պահպանելով իրենց ուզած մարդկանց նշանակումներն արվեն։ Ի դեպ, Գառնիկ Մարգարյանը եկած-չեկած՝ նախ «Զվարթնոց» օդանավակայանում էր անհասկանալի խստացումներ և տեռոր մտցրել։

Մենք այն ժամանակ գրել էինք, որ ստվերային ՆԱՎ-ի պետը ինչ-որ «նավաստիների» խումբ էր դեսանտ իջեցրել «Զվարթնոց», որոնք համատարած բոլոր Երևան ժամանող ուղևորներին պարտադրում էին անցնել «կարմիր ուղիով»՝ իբրև թե հայտարարագրման ենթակա ապրանքներ հայտնաբերելու։ Որոշ ժամանակ անց, սակայն, ուղևորների վրա հարձակումները թուլացան։ Հիմա էլ, ասացին, Մարգարյանն ընկել է «Զվարթնոցի» աշխատողների հետևից և ամեն անգամ ներս ու դուրս անելիս ստուգել է տալիս անգամ օդանավակայանի աշխատակիցներին, օրինակ՝ Duty Free-ի աշխատողներին, որոնց հետ, հավանաբար, ինչ-որ խնդիր ունի։ Այս ամենը, բնականաբար, տեղի է ունենում ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ և գիտությամբ․ նա է այս ամենի հովանավորն ու մոտիվացնողը, որ կարողանա ամեն գնով իր իսկ գրած բյուջեի ֆանտաստիկ թվերն արդարացնի, իր նշանակումը՝ ևս։

Վահե Մակարյան