Ամենօրյա կրակnցներով Ադրբեջանը հիշեցնում է` պատերազմը ավարտված չի, ու մեզ հանգիստ չի թողնի․ խոզնավարցի

Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը Ադրբեջանը դարձյալ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, կրակ բացել Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ։ Ամենօրյա կրակոցները սյունեցիների համար դարձել է սովորական, առօրյա կյանքի մասը։
«Մի օր որ ուշացնում են, ասում ենք՝ «էս խի՞ չկրակեցին»»,- ասում է Խոզնավարցի տղամարդը։
Նա MediaHub-ին պատմեց, որ 2023 թվականից հետո կյանքն ամբողջությամբ փոխվել է։ Նախկինում Խոզնավարում և Խնածախում որևէ մեկի մտքով չէր անցնի, որ Ադրբեջանն այսքան կմոտենա իրենց, և որ գյուղի մարդիկ կհամակերպվեն դիրքերին այսքան մոտ ապրելուն։
«Ընդհանրապես դրա մասին չենք մտածել, դե հիմա էս վիճակում ենք։ Գիշերը եղանակը շատ ցուրտ էր մեզ մոտ։ Հետո ասեցին, որ Սև լճի տարածքում ձյուն է տեղում։ Մտածեցի` չեն կրակի, բայց ժամը 10։20-ից սկսվել են կրակոցները։ Սկզբից դրանք ինտենսիվ չեն եղել, բայց քիչ հետո զգացի, որ կրակում են ուղիղ գյուղի վրա»,- ասաց նա։
Խոզնավարում և Խնածախում գյուղատնտեսությամբ զբաղվելը ռիսկային է։
«Ո՛չ անասուն ենք պահում, ո՛չ դաշտ ենք մշակում, բա գյուղում ապրելու իմաստը ո՞րն ա։ Մի քանի մեղվի փեթակով կարա՞ք տուն-երեխա պահեք։ Էս անորոշությունը որ չլինի, ամեն ինչ էլ կանենք, բայց ամենօրյա կրակոցներով Ադրբեջանը հիշեցնում է, որ պատերազմը ավարտված չի, ու մեզ հանգիստ չի թողնի»,- հավելեց խոզնավարցի մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան