Ամոթի մեկ ամիսը

Ամոթի մեկ ամիսը

Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար Բաքվում պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։  

Սեպտեմբերի 27-ին, ադրբեջանական ԶԼՄ-ները, նախ, հրապարակեցին Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալման կադրերը։ Վերջինիս Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են Հակարիի կամուրջը հատելիս։ Նույն օրը, ավելի ուշ հայտնի դարձավ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի՝ նույն վայրից ձերբակալման մասին։ 

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ի առավոտյան, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը իր  ֆեյսբուքյան էջում գրել է, որ ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում, և որ ադրբեջանական կողմը պահանջել է ժամանել Բաքու համապատասխան հետաքննության համար։ «Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի»։ Ըստ էության, նա հենց ինքն է «հանձնվել» Ադրբեջանին։ 

Լևոն Մնացականյանը, ով 2015-ից 2018 թվականներին եղել է Արցախի պաշտպանության նախարարը, Պաշտպանության բանակի հրամանատարը, ձերբակալվել և Բաքու է տեղափոխվել սեպտեմբերի 29-ին։ 

Հոկտեմբերի 3-ին ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հաստատեցին նաև Ստեփանակերտից Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի Բաքու տեղափոխելու մասին։ 

Արդեն մոտ մեկ ամիս Բաքվի բանտերում գտնվող Արցախի իշխանությունների վերադարձից որևէ տեղեկություններ չկան։ MediaHub-ը անցած շաբաթ զրուցել է ձերբակալվածներից մի մասի ընտանիքի անդամների հետ։ Պարզվել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով վերջիններս կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ, տեղեկացրել իրենց որպիսիության մասին։ 

Այս ընթացքում՝ բացառությամբ Լևոն Մնացականյանի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալման և կամ պահման վայրից կադրեր են հրապարակվել։ Ի դեպ, Դավիթ Բաբայանից լուսանկարներ հրապարակելուն Բաքուն մոտեցավ հատուկ կերպով՝ իբրև թե պահման պայմանները այնքան լավն են, որ Բաբայանը գրադարանում է օրերն անցկացնում:  

MediaHub-ին հայտնի է դարձել, որ Արցախի ռազմական գերատեսչության նախկին ղեկավարը Բաքվում վիրահատվել է և գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։ Սակայն միևնույն է հարց է առաջանում՝ այս ամսվա ընթացքում ինչու Բաքուն այդպես էլ որևէ լուսանկար կամ տեսանյութ Լևոն Մնացականյանից չհրապարակեց:

Հիշեցնենք, որ սեպտեմբերյան օպերացիայից առաջ Բաքուն հաճախ է խոսել իր կողմից կազմված «Սև ցուցակի» մասին, որտեղ ընդգրկվել են Արցախում ապրող՝ ռազմական ու քաղաքական գործունեություն ծավալած «անցանկալի» անձանց անուններ։

Նշենք նաև, որ հոկտեմբերի 4-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, Դատարանի կանոնների 39-րդ կանոնի հիման վրա, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա ղեկավարության բոլոր ներկայացուցիչների՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով երաշխավորվող իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով, պահանջելով նաև պարտավորեցնել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել նրանց: Վանգան պետք չէ լինել կանխատեսելու համար, որ այս պահանջը այդպես էլ կմնա թղթի վրա...

Հունան Թադևոսյան