Փաշինյանը դարձյալ Բիշքեկ չի մեկնի

Փաշինյանը դարձյալ Բիշքեկ չի մեկնի

Վաղը` հոկտեմբերի 26-ին Բիշքեկում կհանդիպեն ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերը: 
MediaHub-ի տեղեկություններով, սակայն, Նիկոլ Փաշինյանը այս անգամ ևս չի մեկնելու Բիշքեկ, փոխարենը գնալու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Փաշինյանի աշխատակազմից մեր ունեցած տեղեկությունը ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին: 

«Մենք վարչապետի բոլոր այցերի վերաբերյալ ժամանակին անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրում ենք»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը: 

Հիշեցնենք, որ օգոստոսին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը: Վաղը Բիշքեկում հերթական նիստն է անցկացվելու, որին Փաշինյանը, փաստորեն, չի մասնակցի, ինչն արդեն ավանդույթ է դառնում՝ խուսափում է բոլոր այն նիստերից, որտեղ կարող է հանդիպել ՌԴ իշխանություններին:

Վաղվա նիստը նախագահելու է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Նշենք, որ վաղը ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ինտեգրացիոն գործընթացների զարգացումը 2030-20455թթ. ընթացքում։ Նախատեսվում է քննարկել համատեղ կոորպորացիոն նախագծերը արդյունաբերության և ֆինանսական աջակցության ցուցաբերման ոլորտներում։ Կքննարկվի նաև ընթացիկ իրավիճակի եւ ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի հեռանկարների հարցը։ Վարչապետերը կքննարկեն ապրանքների ծագման ներդաշնակեցված համակարգի մասին համաձայնագիրը։ ԵՏՀ-ն կներկայացնի զեկույց գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձեւավորման ընթացքի մասին։ 

Նարե Գնունի