Արտաքին միջնորդությամբ տեղի ունեցող ամեն  մոտեցում սին է և անպտուղ․ Գաբրիելյանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Արտաքին միջնորդությամբ տեղի ունեցող ամեն  մոտեցում սին է և անպտուղ․ Գաբրիելյանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Աշխարհաքաղաքական շարունակվող  խոշոր բախումների ֆոնին առավել ցայտուն ընդգծված  են նաև մեր  տարածաշրջանում տեղի  ունեցող պրոցեսները։ Ցավոք սրտի, ներքին դաշտում գործող ուժերը, լինեն դրանք իշխանություն ներկայացնող կամ իշխանությանը սատարող,  երկրի անվտանգությունն այն աստիճանի են թուլացրել, որ նույնիսկ վտանգված է հայոց երկրի պետականության գոյության իրողությունը։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը։ 

«Նման պայմաններում ՔՊ֊ական իշխանությունն անզոր է տարաբնույթ մակարդակներում ընթացող բանակցություններում հայկական կողմի շահեր ներկայացնել։ Ուղղակի նա գոյություն չունի, չի կարող որևէ կերպ դերակատար լինել քննարկվող հարցերում։ Իրեն խելացի ձևացնելով՝  համեստ  աշակերտի պես կատարում է հիմնականում Արևմուտքի թելադրանքն ու պահանջները»,֊ ասաց նա։

Դիտարկմանը, թե նախորդ շաբաթ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ,անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին, սակայն հանդիպման ընթացքում առաջնային հարցերը, կարծես թե, լուծում ու ելքեր չեն ստացել, իսկ այսօր էլ Financial Times-ը գրեց,  թե այս շաբաթ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հարցին, թե ինչ պետք է սպասել այս հանդիպումից, վերջինս պատասխանեց․ 

«Միայն մի  ընդհանրական պատասխան ունեմ հավաքական Արևմուտքը ցանկանում է Հայաստանին կտրել Ռուսաստանից և   ՆԱՏՕ֊ի առաջատար անդամ Թուրքիայի գլխավորությամբ ձևավորել տարածաշրջանային նոր համակարգ։ Իր այդ քայլով իշխանությունը Հայաստանը տանում է արկածախնդրության,  քանզի, ըստ իս,  անխոհեմ քայլ է կատարվում  տարածաշրջանի հիմնական դերակատար խաղացողների մեր պատմական դրացի երկրներ Ռուսաստանի և Իրանի իսլամական Հանրապետության հանդեպ։  Արցախին  առընչված ներկայիս զարգացումների համատեքստի  հետ կապված, գտնում եմ, որ միջազգային հարթակում չկա մի ուժ, մի հանրություն, որը բացի խոսքերից, հնչող  լոզունգներից որևէ այլ  գործնական քայլի գնա»,-ընդգծեց նա։ 

Գաբրիելյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական վերաձևումների ներկա փուլում ետին պլան են մղված զուտ մարդկային գործոնով պայմանավորված արժեքները ազգերի ինքնորոշում, մարդու իրավունքներ, հոգևոր֊մշակույթային կյանք և այլն։ 

«Այնպես որ,  արցախահայությունն այս պահի դրությամբ հույս չունի, որ հնարավոր կլինի արտաքինով պայմանավորված հարց լուծել։ Արտաքին միջնորդությամբ տեղի ունեցող ամեն մոտեցում սին է և անպտուղ։ Ստեղծված պայմաններում, երբ ՀՀ իշխանությունը դավաճանել է արցախահայության հատվածին և Արցախի անվտանգությունը, թույլ տվեք ասելու այս խոսքը ապուշավարի տեսնում է այլ երկրի հովանու ներքո, իսկ ապագան` թուրք֊ազերիների լծի տակ, մնում է ապավինվի միմիայն իր ուժերին։ Հայաստանի (Արցախի ևս) փրկությունը միմիայն հայերիս սուրբ գործն է, իսկ այն անհնար է իրականացնել  ՔՊ֊ական դավաճան  իշխանության պայմաններում»,-շեշտեց Գաբրիելյանը։

Լիաննա Թորոսյան