Ադրբեջանը ձգտում է հնարավորինս շուտ կապիտալիզացնել իր ձեռքբերումը․ Ազիզյան 

Ադրբեջանը ձգտում է հնարավորինս շուտ կապիտալիզացնել իր ձեռքբերումը․ Ազիզյան 

ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը գրել էր, թե Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ալեքսանդր Լենցովի բանակցությունները Բաքվում արդյունք չեն տվել։ MediaHub-ը զրուցել է արցախցի քաղաքագետ Ժիրար Ազիզյանի հետ՝ պարզելու, թե ինչ են ենթադրում այս հայտարարությունները։ 

-Պարոն Ազիզյան, այսինքն, ի՞նչ պետք էր սպասել Լենցովի բանակցություններից, հստակ քայլեր սպասելի՞ էին։ Արդյո՞ք Լենցովի բանակցություններով պետք է Ադրբեջանը հետ քայլ աներ։ 

-Եթե հայտարարվում է, որ բանակցությունները արդյունք չեն տվել, ուրեմն, ըստ տրամաբանության, կար նախօրոք պայմանավորվածություն որոշակի կոնկրետ հարցերի շուրջ Բաքվում քննարկումներ անցկացնելու առումով։ Ամենայն հավանականությամբ ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարի բանակցություններից որպես արդյունք ակնկալվում էր միջանցքի ապաշրջափակում, անցակետի ապամոնտաժում և միջանցքում նախկին ռեժիմի վերադարձ։ Բայց իրականում, կարծում եմ, նման որոշակի պայմանավորվածությունները հնարավոր չէ ձեռք բերել այդ մակարդակով, պարզապես ռուսական կողմը փորձում է ցույց տալ, որ կա որոշակի գործընթաց և իրենք աշխատում են այդ ուղղությամբ։ 

-Նախորդ շաբաթ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին, սակայն հանդիպման ընթացքում առաջնային հարցերը, կարծես թե, լուծում ու ելքեր չեն ստացել։ Financial Times-ի փոխանցմամբ էլ՝ այս շաբաթ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կհյուրընկալի Ալիևի և Փաշինյանի հանդիպումը։ Ի՞նչ սպասել այս հանդիպումից։ 

-Միջազգային պրակտիկան և Արցախի հնգամսյա շրջափակումը ապացուցեց, որ կոչերը, հռչակագրային հայտարարություններն ու նույնիսկ միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումը չի ապահովում դրանց բովանդակության իրականացումը Ադրբեջանի նման հանցավոր վարչակարգի դեպքում, ուստի անհրաժեշտ է կիրառել գործնական բավարար քայլեր, որոնց կիրառությունը կարող է ապահովել ապաշրջափակումն ու արցախահայության անվտանգությունը։

 -Գործընթացները, կարծես թե, ինտենսիվացել են։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը։ Ո՞ր կողմն է ավելի շտապում՝ Ադրբեջանը, թե՞ Հայաստանը։ 

-Ադրբեջանը սեփական փորձից է հասկացել, որ ստատուս քվոն հավերժական չի լինում, ուստի ձգտում է հնարավորինս շուտ կապիտալիզացնել իր ձեռքբերումն ու հասնել բացառապես իր համար ընդունելի պայմաններով վերջնական փաստաթղթի։ Հայկական կողմը ձեւավորված աշխարհաքաղաքական իրողությունների և դրանց արդյունքում տարածաշրջանային կոնֆիգուրացիայի պայմաններում ստիպված է հնարավորինս ժամանակ ձգել` օգտագործելով մանևրելու բոլոր հնարավոր միջոցները, բայց ստատուս քվոյի երկարաձգումը չպետք է ինքնանպատակ լինի, այլ պետք է օգտագործել այդ ժամանակամիջոցը արտաքին և ներքին դիմակայության ճակատների ձեւավորման համար։

-Ստեղծված իրավիճակում, ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է գործի արցախցին։ Արդյո՞ք վճռական քայլերի գնալու ժամանակը չէ։ Ի՞նչ արդյունք են տալու ստորագրահավաքները։ 

-Նախ, ստորագրահավաքի հետ կապված պետք է նշեմ, որ անկախ ձեւավորված իրողություններից, ամեն դեպքում մենք մեր տնային աշխատանքները պետք է հնարավորինս լավ կատարենք, քանի որ իրականում նաև դրա շնորհիվ է հնարավոր որոշակի առումներով փոխել այդ իրողությունները և ձեւավորել դրանք մեր ազգային ու պետական շահերի տրամաբանությամբ: Ստորագրահավաքն այդ տնային աշխատանքներից մեկն է, որով, իհարկե, չպետք է սահմանափակվենք։ Մենք պետք է հսկայածավալ աշխատանք տանենք իրավական գործընթացների առումով, Ադրբեջանի կողմից ամեն մի չկատարված որոշում պետք է համապատասխան հետեւանքով երաշխավորվի։ Մենք գիտենք, որ միջազգային հարաբերությունները պայմանավորված են շահերով, բայց մեր խնդիրը ընդամենը դրա հետ հաշվի նստելը չէ, այլ պայքարելը մեր իրավունքների պաշտպանության համար բոլոր առումներով։

Լիաննա Թորոսյան