Հայաստանի ԱԳՆ-ն Թուրքիային ասելիք չունի... ինչպես միշտ

Հայաստանի ԱԳՆ-ն Թուրքիային ասելիք չունի... ինչպես միշտ

Այս հարցի վերաբերյալ վարչապետ Փաշինյանը Պրահայում հարցազրույց է տվել, եթե ԱԳՆ-ի կողմից հավելյալ բան լինի ասելու, մենք դրա մասին կհայտնենք. MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանի ԱԳՆ Թուրքիայի արտգործնախարարի այն հայտարարության վերաբերյալ, թե պետք է ապամոնտաժվի «Նեմեսիս» գործողությունն իրականացնող հայ վրիժառուների հիշատակին նվիրված հուշարձանը։ Չավուշօղլուն, բնականաբար, զերծ չէր մնացցել նախապայմանների տոնայնությունից:

Մեր դիտարկմանը, որ Թուրքիան հայտարարում է, որ ՀՀ բանագնացին է այս հարցով դիմել,  խոսնակը մեզ է հարցադրում անում՝ «արդյո՞ք այդ հարցի վերաբերյալ դիմել ենք Թուրքիայի հետ բանակցությունների գծով հատուկ բանագնացին»։ 
Սրան հաջորդեց բավականին ուշագրավ երկխոսություն.

-Նախարարությունը դիտարկու՞մ է Չավուշօղլուի այս հայտարարությունը:

-Դուք գիտեք, որ արձանը կանգնեցնելու որոշումը ՏԻՄ-ն է կայացրել, եթե ԱԳՆ կողմից հանրությանը դիրքորոշում հայտնելու բան լինի, կհայտնենք։ 

-ԱԳՆ-ն այս թեմային որեւէ ձեւով չի անդրադառնալու, ձեռնպահ է մնալո՞ւ։

-Ես Ձեզ ասացի, որ եթե մեր կողմից որեւէ դիրքորոշում լինի, հանրային կտեղեկացնենք։ 

-Իսկ Փաշինյանը ի՞նչ է ասել Պրահայում, կհիշեցնեք։ 

-Վարչապետ Փաշինյանը Չեխիայում տվել է հարցազրույց, որում անդրադարձ եղել է։

 -Ի՞նչ է ասել։ 

-Հիմա ինձ բոլոր լրագրողները զանգում են այս թեմայով, Ձեզ համար հիմա հանրային հնչած կարծիքը վերարտադրելու փոխարեն ավելի ճիշտ կլինի պատասխանեմ իմ զանգերին։ 

Այսպես, ահա, ԱԳՆ խոսնակը, որի լիազորությունները հենց լրագրողների հարցերին պատասխանելն է, այլ ոչ թե ուղղություն տալը, թե ուր դիմենք ու ինչ հարցով, խուսանավեց մեր հարցադրումներից: Հարցն արդեն վաղո՜ւց այլ մակարդակ է տեղափոխվել, մասնավորապես այն պահից սկսած, ինչ Թուրքիան փակեց օդային տարածքը հայկական ավիաընկերությունների թռիչքների համար, հիմա էլ, փաստացի, սպառնում է այլ քայլերի դիմել, եթե հուշարձանը չապամոնտաժվի: Ու այս ամենին, փաստացի, ԱԳՆ-ն դիրքորոշում հայտնելու խիզախություն չունի:

Հիշեցնենք, ավելի վաղ գրել էինք, որ Թուրքիայի իշխանությունները չեն համակերպվում ապրիլի 28-ին Երեւանի բանուկ հատվածում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակին նվիրված հուշարձանի գոյության հետ։ Պաշտոնական Անկարան այն քանդելու պահանջ է ներկայացրել։ 

«Նրանք ևս մեկ անգամ ցույց տվեցին իրենց ոչ անկեղծ լինելը։ Մենք չենք ընդունում մեր օսմանյան փաշաների և ադրբեջանցի եղբայրների սպանությունները փառաբանող հուշարձանի (Նեմեսիս) կանգնեցումը», - այսօր թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ նշելով, որ Անկարան պահանջում է ապամոնտաժել Երևանում տեղադրված «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակին նվիրված հուշարձանը։

Չավուշօղլուն հավելել է, որ թուրքական կողմը նախազգուշացրել է պաշտոնական Երեւանին հուշարձանի ապամոնտաժման մասին եւ այդ կապակցությամբ նոր քայլեր է ձեռնարկելու Հայաստանի նկատմամբ։

Լիա Սարգսյան