Այս իշխանության համար միակ տոնը Նոր տարին է․ պետք է պառակտման գործընթացը դադարեցնենք․ Գրիգորյան 

Այս իշխանության համար միակ տոնը Նոր տարին է․ պետք է պառակտման գործընթացը դադարեցնենք․ Գրիգորյան 

Ինձ համար այսօր էլ է Եռատոն, ես նույն հաղթանակի սերունդն եմ։ Մենք կորցրել ենք Շուշին, բայց սա ժամանակավոր բնույթ է կրում, վստահաբար, գալու է ժամանակ, որ Շուշին մերն է լինելու, Արցախն ամբողջությամբ ենք վերադարձնելու, մենք ավելի շատ հողեր ենք հետ բերելու։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը՝ խոսելով օրվա խորհրդի և ներկայիս բանակի մասին։ 

«Ես, առհասարակ, դեմ եմ, երբ ասում են՝ պարտվողի հոգեբանությամբ ենք առաջ շարժվում. բանակը, հայ զինվորը չի պարտվել, 44-օրյա պատերազմի մոտեցումն այս իշխանությունը բերել է դավաճանական քայլերով ու մոտեցումներով և այդ գործողությունները մինչև հիմա շարունակում է՝ նպաստելով մեր պետականության կործանմանը»,-ասաց նա։ 

Գրիգորյանի խոսքով, որքան էլ ժողովուրդը թմբիրի մեջ է՝ պայքարը շարունակվում է և մեծամասամբ ձեռքերը ծալած չեն սպասում։ «Համոզված եղեք, որ այդ պայքարը հասնելու է նպատակին և այս ամոթալի շրջանը հետ ենք պտտելու ու վերադառնանք մեր հաղթանակած կետին։ Այսօր բոլորիս համար տոնական օր է, բայց տպավորություն է, որ այս իշխանության համար միակ տոնը Նոր տարին է»,-նշեց Գրիգորյանը։

Ազատամարտիկի խոսքով՝ Հայաստանի ամենամեծ խնդիրն այն է, որ ժողովուրդը դեռ ազգ չի դառել։ 

«Երբ միավորվենք, համախմբվենք, այդ ժամանակ էլ ստեղծված իրավիճակը կտրուկ կփոխվի։ Մենք հիմա շարժվում ենք ժողովուրդ բառով, երբ այդ բառը փոխի ու դառնա ազգ, այդ ժամանակ մեզնից բոլորը նորից վախենալու են»։ 

Գրիգորյանը հիշեցրեց Հուլիոս Կեսարի այն խոսքը, թե՝ «երբ հայերը կանգնում են ուս-ուսի տված և ձեռք-ձեռքի բռնած` հողը ոտքի տակ տալով իրենց թմբուկների և ծիրանափողի ձայների ներքո, ավելի շուտ իմ պալատի սյուները փոշի կդառնան, քան նրանց հնարավոր կլինի կանգնեցնել»:

«Մեզ պետք է համախմբում, բռունցք դառնալ»,-շեշտեց նա։ Հարցին, թե պատերազմից մոտ 3 տարի անց այդ համախմբումը ինչո՞ւ չի լինում կամ ինչո՞ւ են փորձերը ձախողվում, վերջինս պատասխանեց․ 

«Մեր բոլոր թույլ կետերը գտել են, բոլորի մեջ ատելություն են սերմանել, մեզ կարողացել են պառակտել։ Մենք պետք է այդ պառակտման գործընթացը դադարեցնենք, ու հակառակ պրոցեսը սկսենք»։ Դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է՝ մենք պատերազմում պարտվել ենք, քանի որ բանակում եղել է 5-րդ շարասյուն, վերջիս արձագանքեց․ «Իսկ իրենք ի՞նչ բանակ են ստեղծել։ Մեր բանակն իրենց բանակից հազար անգամ ավելի հզոր է եղել, մարտունակ, սա ապացուցված բան է։ Եթե բանակում դավաճաններ կային, ուրեմն պետք է հենց իրենք ուշադիր լինեին։ Հիմա այլ տարբերակ չունենք, քան միասնական լինելը, լավատեսությամբ լցվելը։ Հայ ազգը ավելի բարդ իրավիճակներում է հայտնվել, հետո պատվով դուրս եկել, սա էլ կհաղթահարենք»,- վստահաբար հավելեց մեր զրուցակիցը։

Լիաննա Թորոսյան