ՔՊ-ն ինձ չընտրեց ոչ իշխանահաճո գրառումների համար․ Անահիտ Սարգսյան

ՔՊ-ն ինձ չընտրեց ոչ իշխանահաճո գրառումների համար․ Անահիտ Սարգսյան

Արդեն հայտնել ենք, որ Ազգային ժողովը 0 դեմ և 33 կողմ ձայներով մերժեց Անահիտ Սարգսյանի թեկնածությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում։

Ավելի վաղ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջադրել էին Անահիտ Սարգսյանի թեկնածությունը:

Քվեարկության արդյունքների պարզ դառնալուց հետո MediaHub.am-ը զրուցեց Սարգսյանի հետ՝ հասկանալու, թե արդյո՞ք սպասելի էր ՔՊ-ի նման վարքագիծը։

«Դե իհարկե սպասելի էր, չէ որ իմ խոսքի, ելույթի ժամանակ կարևորվեցին ոչ թե իմ մասնագիտական գիտելիքները, իմ պրոֆեսիոնալ անցած ճանապարհը, այլ իմ ֆեյսբուքյան գրառումները, որոնք, ի դեպ, իմ խոսքի ազատության դրսևորումն են հանդիսանում»,- նշեց նա։

Ըստ Անահիտ Սարգսյանի՝ հետաքրքրական է, որ օրենսդրական բարեփոխման արդյունքում, փաստորեն, ընդդիմությունն ունի 2 թեկնածու ներկայացնելու իրավունք, որոնք 2-ն էլ թափուր մնացին:

«Այսինքն, տվյալ բարեփոխումը ձևական բնույթ է կրում, քանի որ նրանք ինձ չընտրեցին ոչ իշխանահաճո գրառումների համար: Բնական է, որ ընդդիմության թեկնածուն չպետք է սիրով տոգորված լիներ իշխանության նկատմամբ»,- ամփոփեց խոսքը Անահիտ Սարգսյանը։

Նարե Գնունի