Փաշինյանը թաղեց ժողովրդավարությունը 

Փաշինյանը թաղեց ժողովրդավարությունը 

Երեկ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տալիս Հանրային հեռուստատեսությանը:

Մարդկանց թվում էր՝ վարչապետը խոսելու է բացառապես անվտանգային թեմաներով, մանավանդ՝ երկիրը կանգնած է պատերազմից «5 րոպե պակաս» ռեժիմում, Արցախին սպառնում է հայաթափության իրական վտանգ: Փաշինյանը սկզբում հենց այդ թեմաներից էլ խոսեց, բայց ոչ մի էական բան չլսեցինք, անգամ պատկերացում չկարողացանք կազմել, թե կառավարությունն ինչ է անում պատերազմի ռիսկերը չեզոքացնելու կամ հայ- ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը հաղթահարելու համար:

Տպավորություն էր, որ Փաշինյանը երկրի անվտանգային մարտահրավերներն օգտագործում է իր բուն ասելիքին՝ Երևանի ավագանու ընտրություններին, սեփական թեկնածուի ու կուսակցության PR-ին անդրադառնալու համար:

Այս հատվածում Փաշինյանը պերճախոս էր:

Նա անզուսպ ձևով սատարեց ՔՊ-ին ու Տիգրան Ավինյանին, անարգանքի սյունին գամեց ընդդիմությանը, հատկապես՝ Հայկ Մարությանին:

«Կան ուժեր, որոնք ակնհայտորեն հույս ունեն Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում Հայաստանում անկայունություն կամ ճգնաժամ մտցնել։ Ցավոք, դա երևում է ընտրություններին մասնակցող մի շարք ուժերի շեշտադրումներից և նպատակադրումներից»,- երեկ Հանրայինի եթերում ասում էր փաստացի վարչսպետը։

Իրենց ընդդիմախոսների մասին նման հայտարարություն անում են բոլոր ավտորիտար առաջնորդները, ովքեր սեփական իշխանությունը նույնացնում են պետության հետ:

Նույնիսկ պատրանքային ժողովրդավարությունը Հայաստանում մեռնում է, ավելի ստույգ՝ Փաշինյանը թաղեց ժողովրդավարությունը:

Վահրամ Բագրատյան