Չենջերը չեն ընդունում, ԿԲ-ն՝ չի պարզաբանում. ի՞նչ անել 2006թ. դոլար թղթադրամների հետ

Չենջերը չեն ընդունում, ԿԲ-ն՝ չի պարզաբանում. ի՞նչ անել 2006թ. դոլար թղթադրամների հետ

MediaHub-ը վերջին շրջանում քաղաքացիներից ահազանգեր է ստանում այն մասին, որ տարադրամի փոխանակման կետերը չեն ընդունում 2006 թվականի և դրանից ավելի վաղ թողարկված դոլար թղթադրամները: Քաղաքացիներին, մասնավորապես, խորհուրդ են տալիս դիմել Հայաստանի բանկերին։ Բայց պարզվեց, որ Հայաստանի բանկերն էլ այդ թղթադրամներն ընդունում են ցածր արժույթով։ 

Ի՞նչ անեն քաղաքացիները, հատկապես, որ այդ դոլարների մեծ մասը ստանում են հենց նույն բանկերից, երբ միջազգային փոխանցում են ստանում:

ՀՀ Կենտրոնական բանկից MediaHub-ի հետ զրույցում հայտնեցին, որ հանրապետությունում արտարժույթի փոխանակման շուկան խիստ մրցակցային է, և ֆինանսական կառույցների կողմից մատուցվող ծառայությունների սակագները որոշվում են շուկայական մեխանիզմով (յուրաքանչյուր բանկ կամ փոխանակման կետ ինքն է որոշում, թե որ արտարժույթով ինչ գործառնություններ իրականացնի և ինչ սակագնով):

«Կենտրոնական բանկը որևէ արտարժույթի որևէ տարվա թողարկման դրամանիշեր չընդունելու հրահանգ չի տվել. ֆինանսական կառույցների ծառայությունների սակագներն ուղղակիորեն չեն կարգավորվում կամ հրահանգավորվում Կենտրոնական բանկի կողմից»,- MediaHub-ին ասացին Կենտրոնական բանկի հասարակության հետ կապերի ծառայությունից։

Նշենք, որ գործող կարգավորումների համաձայն՝ արտարժույթի առուվաճառք իրականացնող անձն իր գործունեության վայրում պարտավոր է, ի թիվս այլ տեղեկատվության, տեղադրել գործարքի կատարման մերժման հիմքերը, արտարժույթի առուվաճառքի գործառնությունների փոխարժեքները: Այն դեպքում, երբ կան գործարքի կատարման հաճախականության, ժամկետների, տեսակների կամ գումարային մեծության սահմանափակումներ, ապա այդ սահմանափակումները նույնպես նշվում են:

Այլ կերպ ասած՝ ԿԲ-ից քաղաքացիներին հուզող հարցի պատասխանը չստացանք, որովհետև ստացվում է, որ Կենտրոնական բանկը պարտավոր է վերահսկել ու իբրև թե վերահսկում է, բայց դաշտի խաղացողներն ամենքն իր օրենքն է սահմանել ու շարժվում ըստ դրա: Որպես հետևանք էլ տուժում է քաղաքացին:

Այսինքն, ի՞նչ անի քաղաքացին, երբ փոխանակման կետը չի վերցնում իրենից դոլարը, չի փոխանակում այն ու գցում ավելորդ գլխացավանքի մեջ՝ ուղարկելով բանկում փոխանակելու և այլն:

Մեզ դիմած քաղաքացիներից մեկը նշեց, որ փոխանակման կետում խորհուրդ են տվել այս դոլարները բանկում պահել, ոչ էլ մանրել, բայց եթե դա այդ մարդու ապրուստի միակ միջոցն է, ապա այդ այլընտրանքը ինքնաբերաբար մերժելի է: 

Ամենաչպաշտպանվածն այս երկրում շարունակում է մնալ շարքային քաղաքացին...

Մարիաննա Արամյան