Փաշինյանը մսխում է մեր գումարները. ինչո՞ւ են պարեկները շրջում թանկ սպասարկմամբ հայտնի Volvo-ներով

Ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը իշխանության հասցեին հնչեցրած իր մեղադրանքներում քննադատում էր վերջիններիս, որ նրանք բանակը զինելու փոխարեն` միլիոններ են ծախսում ոստիկանության վրա ու առաջարկում էր ոստիկաններին ուղարկել դիրքեր։
Նրա այդ խոսքերը շատերի կողմից ընդունվում էին ոգևորությամբ, որովհետև միշտ էլ պոպուլիզմը մեծ ազդեցություն է ունենում ու հատկապես այն երկրներում, որտեղ քաղաքացիական հասարակություն ձևավորված չէ։
Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ոստիկաններին չուղարկեց դիրքեր, այլև ոստիկանական բարեփոխումների անվան տակ ավելացրեց նրանց թիվը ծախսերի համապատասխան ավելացմամբ։
Բայց բացի ոստիկանների թվի ավելացումից, խոշոր ծախսեր են արվում նաև տեխնիկական հագեցվածության ուղղությամբ, այն նույն Նիկոլ Փաշինյանի կողմից, որը «սկոտչում էր» արագաչափերը։ Այդ սարքավորումները կատարելագործվում են այն նույն Նիկոլ Փաշինյանի կողմից, որն առ այսօր հայտարարում է, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։
Շատերը նկատած կլինեն, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Երևանում պարեկները շրջում են Volvo ամենագնացներով։ Կառավարությունը պետք է հստակ պատասխան տա, թե ինչո՞վ է պայմանավորված պարեկներին Volvo-ի ղեկին նստեցնելը ու ինչո՞վ է պայմանավորված հատկապես այդ մեքենաների ընտրությունը, որոնք հայտնի են իրենց թանկ սպասարկմամբ։
Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմի հետքերով չգնալու համար, նշենք, որ բնականաբար ոչ ոք չի ակնկալում, որ ոստիկանները պետք է շրջեն խորհրդային արտադրության հին 06-երով, սակայն, երբ հաասրակության կենսամակարդակն օր օրի ընկնում է, իսկ ոստիկանական տեխնիկան երկրի ներկայիս տնտեսությանն անհամապատասխան ճոխանում, ապա առաջանում են հիմնավոր կասկածներ հարկատուների գումարները մսխելու հետ կապված։
Երանի Հայաստանն իր տնտեսական զարգացվածության աստիճանով ու հանրության կենսամակարդակով լիներ համաշխարհային թոփ տասնյակում, այդ ժամանակ ոստիկանները ոչ թե Volvo-ով, այլ թող Bugatti-ով շրջեին, սակայն երբ մարդիկ հազիվ ծայրը ծայրին հասցնելով մուծում են հարկեր ու տեսնում են իրենց գումարների անտեղի վատնում, ապա ակամայից հիշում են «Անասնաֆերմա» վեպը։ Առավել ևս, որ այդ Volvo-ների ղեկին նստած են հիմնականում պարեկները, որոնց մեծամասնությունը չի փայլում ո՛չ իր կրթությամբ, ո՛չ էլ իր բարեվարքությամբ։
Մենք՝ հարկատուներս, Նիկոլ Փաշինյանի բնութագրմամբ՝ թիվ մեկ հերոսներս, ակնկալում ենք Կառավարությունից հետևյալ հարցերի պատասխանները.
1. Ինչո՞ւ է ընտրությունը կանգ առել հատկապես Volvo-ի վրա, որը կրկնում եմ, հայտնի է իր թանկ սպասարկմամբ։
2. Ո՞ւր անհայտացան նախկինում կրկին մեր գումարներով ձեռք բերված Shkoda-ները, որոնք այլևս Երևանի փողոցներում գրեթե չեն երևում։
3. Ինչո՞ւ են մեր հարկերն անտեղի մսխվում ու ինչո՞ւ են մեր վճարված գումարներով կատարվում չհիմնավորված ծախսեր։
Կարեն Կարապետյան