Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ Ադրբեջանի ՊՆ խոսնակի դերում

Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ Ադրբեջանի ՊՆ խոսնակի դերում

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ Փաշինյանը սադրիչ ու հրահրող է որակել ջահերով երթի մեկնարկին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն այրելը ու միաժամանակ դատապարտել Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Խոզնավար գյուղի վրա արձակված կրակոցները։ 

Թեպետ տևական ժամանակ է՝ ամենօրյա ռեժիմով Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացում Սյունիքի բնակավայրերի ուղղությամբ, բայց Նիկոլ Փաշինյանի կողմից որևէ անդրադարձ ու որևէ դատապարտող խոսք չի եղել։ 

Փոխարենը տարբեր տրամաչափի ՔՊ-ականներ փորձել են մեղմել Բաքվի գործողությունները, դրանք որակել որպես ոչ թիրախային ու ոչ ինտենսիվ։ Եղել են ՔՊ-ականներ, որոնք նույնիսկ չեն էլ լսել կրակոցների մասին։

Ոմն ՔՊ-ական կին պատգամավոր նույնիսկ այնքան հեռու գնաց, որ հայտարարեց․ «Թող կրակեն, մեզ վնաս չեն տալիս»։

Իսկ ինչո՞ւ հատկապես այսօր Նիկոլ Փաշինյանը որոշեց անդրադառնալ Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակված կրակոցներին՝ ընդ որում մեկ նախադասությամբ դատապարտելով ու նույն հարթության մեջ դնելով թե՛ այդ կրակոցները, թե՛ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն այրելը։

Հատկանշական է նաև նրա գնահակատակը՝ դրոշներն այրելուն․ «սադրիչ ու հրահրող»։

Փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը շատ ուղիղ ու աներկբա արդարացրեց Ադրբեջանի գործողությունները՝ հանդես գալով վերջինիս պաշտպանության նախարարության խոսնակի դերում։

Ու ըստ «ադրբեջանական գերատեսչության խոսնակի», որը ժամանակավորապես համատեղում է ՀՀ վարչապետի պաշտոնը, մեղավոր են հայերը, ու Սյունիքի բնակավայրերին ուղղված կրակոցները պատասխանն են դրոշներն այրելուն՝ «թող չսադրեին ու չհրահրեին»։

Կարեն Կարապետյան