Նիկոլ Փաշինյանի իրական կնքահայրը

Նիկոլ Փաշինյանի իրական կնքահայրը

Կրկին իշխանության կողմից շրջանառության մեջ է դրվել 5-րդ շարասյան թեզը ու իշխանության սատարողների զանգվածն առանց հասկանալու, թե ինչ է նշանակում 5-րդ շարասյուն, տարածում են այն, առանց հասկանալու դրա իմաստը։ Տգիտությունը կատարյալ դժբախտություն լինելով հանդերձ, յուրովի երջանկություն է, քանի որ տգիտության խավարով պատած ուղեղը երջանիկ է այնքանով, որ չի գիտակցում իր ամբողջ ողբերգությունը։ 

Եթե Բուդիզմը երջանկությունը տեսնում էր տառապանքներից ազատվելով հոգեկան նիրվանային հասնելու մեջ, ապա անհույս տգետները «հոգեկան նիրվանային» հասել են շատ ավելի կարճ ճանապարհով, ոչ թե ազատվելով անձնական ողբերգությունից, այլ պարզապես չգիտակցելով դրանք։

Բայց ինչևէ, վերադառնանք 5-րդ շարասյան թեզին ու այդ թեզը անգիտակցորեն տարածողներին տեղեկացնենք, թե ինչ է այն նշանակում։

«Հինգերորդ շարասյուն» էր կոչվում գեներալ Ֆրանկոյի գործակալությունը, որը գործունեություն է ծավալել Իսպանիայում, 1936-1939-նների հեղափոխական պատերազմի ժամանակ։ Երբ ֆաշիստական խռովարարները չորս շարասյուներով հարձակվում էին Մադրիդի վրա, հինգերորդ շարասյունը, որը գտնվում էր քաղաքում, վճռական պահին պետք է հարվածեր մադրիդցիներին թիկունքից։

Երբ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի դարձավ վարչապետ, ապա այդ ժամանակ արդեն փոխված էր աշխարհաքաղաքական իրավիճակը, փլուզվել էր հին աշխարհակարգը, Թուրքիան տարածաշրջանում հավակնում էր դոմինանտության ու նշմարելի էր թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ վարքագիծը թե' Արցախի, թե' Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Նման իրավիճակում յուրաքանչյուր ողջամիտ ղեկավար պետք է գտներ ճանապարհներ՝ պատերազմը հնարավորինս կասեցնելու կամ հեռվացնելու համար։ Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը։ Լրիվ հակառակը՝ Արցախը հռչակելով Հայաստանի մաս, խոստանալով Բաքվում հեղաշրջում իրականացնել, միաժամանակ վիրավորական արտահայտություններ անելով իր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հասցեին, կանաչ լույս վառելով պատերազմի համար և   Հայաստանը թողնելով մեն-մենակ։

Ըստ այդմ, ո՞վ էր Հայաստանում 5-րդ շարասյան ներկայացուցիչը, ընդդիմությո՞ւնը, որը գործելու որևէ լծակ չուներ, թե՞ Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարեց, որ բանակցությունները սկսում է զրոյական կետից։

Ո՞վ հրաժարվեց պատերազմը կանգնեցնելու մի քանի առաջարկներից ու Արցախը Հայաստանի հետ միասին հասցրեց լիակատար կապիտուլյացիայի, ո՞վ ունենալով մի ամբողջական մաս պահելու հնարավորություն, գնաց ամբողջը կորցնելու ճանապարհով։ Ո՞վ Արցախը ճանաչեց Ադրբեջանի տարածքային կազմում ու նպաստեց Արցախի հայաթափմանը, ո՞վ Հայաստանի տարածքները նվիրաբերեց Ադրբեջանին, ո՞վ թույլ տվեց Ադրբեջանին դիրքավորվել Ջերմուկի հարակից տարածքներում։ Ո՞վ Սև լիճը նվիրեց Ադրբեջանին, հայտարարելով, որ չենք կռվի մի ինչ-որ լճի 30 տոկոսի համար, ո՞վ հայտարարեց, որ չենք կռվի մի ինչ-որ ամայի սարի համար։ Ո՞վ Սյունիքի, այնուհետև Տավուշի բնակավայրերը հանձնեց Բաքվին, ո՞վ Գեղարքունիքի տարածքները զիջեց թշնամուն։

Ո՞վ է այս ամենի հեղինակը, ընդդիմությո՞ւնը, որը էլի եմ շեշտում՝ այդ ժամանակահատվածում ոչ միայն չէր տիրապետում որևէ լծակի, այլև զրկված էր նաև հանրային լայն աջակցությունից, թե՞ Նիկոլ Փաշինյանը, որը ոչ միայն հանդիսանում էր ՀՀ վարչապետն ու գերագույն գլխավոր հրամանատարը, այլև վայելում էր հանրության էյֆորիկ վստահությունը։ Հետևաբար ո՞վ է 5-րդ շարասյունը ու ո՞վ իր քայլերով ու հայտարարություններով նպաստեց թշնամու հաղթանակին։

Սրանք պարզագույն հարցեր են, որոնք ունեն նույնպես պարզագույն պատասխաններ ու եթե չառաջնորդվենք խելագարության կանխավարկածով, ապա միանշանակ է, որ չլիներ Նիկոլ Փաշինյանը, չէր լինի նաև այս աղետալի արդյունքը։

Շատերը թյուրիմացաբար գտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ոգեշնչված է Նելսոն Մանդելայով, Մահաթմա Գանդիյով կամ Պապ թագավորով, սակայն նրա քայլերի իրական կնքահայրը գեներալ Ֆրանկոն է, նա՝ որպես 5-րդ շարասյան հիմնադիր Իսպանիայում, Նիկոլ Փաշինյանը՝ որպես 5-րդ շարասյան պարագլուխ Հայաստանում։

Կարեն Կարապետյան