Մինչեւ 2026թ.-ի խորհրդարան ընտրություններին 7 ամիս կա, բայց արդեն ՔՊ-ն անցել է գործի` սկսած «կրթվելը նորաձեւ է»-ից վերջացրած հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավից։
Տարբեր եկեղեցիներ մասնակցություն ցուցաբերող Փաշինյանի մարդաքանակ հավաքելուն ու հոգեւորականներին թիրախավորելուց թվում էր՝ հասարակության շրջանում պետք է եկեղեցու դեմ արշավը մեծ աղմուկ բարձրացներ, բայց քանի որ Փաշինյանը հոգեւորականների անձնական կյանք է մտել ու շարունակական քչփորում է, այդ քայլերով է մոլորեցնում մարդկանց, թե տեսեք-տեսեք՝ ինչ վարքականոն են ցուցաբերել եկեղեցականները, որպեսզի ատելության մթնոլորտ սերմանի։
Այն, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը չի տրվել, բայց ամիսներ առաջ ՔՊ-ն իր աշխատանքի «գործառույթը» լավ գիտեր, ինչ խոսք։
Փաշինյանը ժամանակ առ ժամանակ մարզերով շրջայցեր էր իրականացնում, ամենը՝ քարոզարշավի բովանդակության շրջանակներում։ Այնպես չէր, որ հետաքրքիր էր նրան, թե ինչպես է ապրում հասարակ գյուղացին, այն դեպքում, որ ոչ կարգին թոշակ է տալիս, ոչ էլ գյուղացու հոգսն է թեթեւացնում։ Մարդիկ իրենց բերքի ձեռքը կրակն են ընկել։ Չեն կարողանում իրենց ապրանքը արտահանել, խաղողի մթերումից սկսած, վերջացրած կոպեկներով առեւտրաշրջանառությունը.
Քանի դեռ Փաշինյանը, դռնեդուռ ընկնելով ու մարդկանց հետ խոսելով, համոզում է, որ «խաղաղության դարաշրջան»-ը այլեւս իրագործված է, ճանապարհները բացվելուն պես առեւտրաշրջանառությունը ծաղկելու է, ամեն օր մի փողոց ասֆալտապատում է, իսկ մարդիկ սիրում են, որ անընդհատ գործ է արվում եւ տեղում համոզվում են, որ տարիներ ի վեր իրենց գյուղի ճանապարհը անմխիթար վիճակից դարձել է բարեկարգ, այլ բան չի մնում միջին վիճակագրական տվյալներ ունեցող քաղաքացուն, քան գնալ ու ընտրել նրան, ով ռեալ գործ կանի։ Իսկ Փաշինյանը լավ է ճանաչում հասարակությանը, ավելին՝ անգիր գիտի, եւ հասարակության մեջ առկա բոլոր խնդիրների (սուտ) խոստումների լուծման ճանապարհը։ Գիտի, թե որ շերտին ինչ մատուցի եւ ինչպես կերակրի ստերով։
Մի կողմ թողած հայրենիքի գաղափարն ու կորուստը, վտանգներն ու արտաքին մարտահրավերները, որի մասին հատկապես Արցախից հետո, որ թվում էր` պետք է ավելի սաստիկ կերպով երկիրը կորցնելու վտանգը անհանգստացներ բոլորին, մեծանար անհանգստությունը, բայց չգիտես ինչու լրիվ այլ հունով գնաց։ Մարդիկ Արցախը թշնամուն հանձնած ղեկավարին (ոչ բոլորը) դեռ հանդուրժում են։ Ասֆալտը, թոշակի մի քանի կոպեկ բարձրացումը, համարում են առաջընթաց։
Ժողովրդի հետ պետք է շատ խոսել, բացատրել, թե ինչ իրավիճակ է տիրում Հայաստանում, եւ ինչ է սպասվում. Ինչպե՞ս եղավ Արցախի կորուստը, եւ ի՞նչ է սպասվում Հայաստանի Հանրապետության հետ, եթե կրկին վերարտադրվի Փաշինյանի իշխանությունը։ Ինչո՞ւ է հատկապես ցորենի վրա ուրախանում ՔՊ-ն, արդյո՞ք ցորենի կարիք ուներ Հայաստանը, որ այժմ ցորենի ներկրումը թշնամական երկրից դառնում է «աննախադեպ» իրադարձություն։ Արդյո՞ք քաղաքական չէ ցորենի ներկրումը Հայաստան, ոչ թե՛ մարդասիրական։
Ընդդիմությունը պետք է ջանք չգործադրի այս ամենի հետ կապված բոլոր հարցերին ուշադրություն դարձնելու գործում։ «Չորրորդ Հանրապետության» առաջ քաշած իշխանության թեզը բացառելով, հասկացնել հայ հասարակությանը, որ «չորրորդ Հանրապետությունը» հայ մարդու մասին չէ՛։
Մարդիկ նոր ուժ են ուզում։ Բացառում են նախկիններին, բայց նաեւ դեմ են Փաշինյանին։ Իհարկե երկնքից նոր ու մաքուր քաղաքական ուժ չես գտնի, բայց ամենը քաղաքական «կոնկուրենտի» մեջ, չարյաց փոքրագույնին են գնում։
Ոչ ոք չի կարող արգելել, թե որ քաղաքական միավորը կարող է համապետական ընտրություններին իր մասնակցությունը ունենալ։ Բայց այն ուժերը, որոնք մինչ այս մասնակցել են տարբեր ընտրություններին ու պարտվել Փաշինյանին, պետք է հետեւություններ անեն։ Ո՞րն էր պատճառը, ի՞նչ է պետք անել երկրորդ անգամ չպարտվելու համար, ի՞նչ նոր ասելիք ունեն ժողովրդին, հստակ ծրագրեր ունե՞ն, թե՞ ոչ, ովքեր են այն մարդիկ, որոնք ընդգրկված կլինեն այս կամ այն կուսակցությունների ցուցակներում, արդյո՞ք կուսակցություններ կան, որ ուղղակի գնում են, ոչ թե Փաշինյանին հաղթելու, այլ` երրորդ կամ չորրորդ տեղի համար։ Ովքե՞ր են նրանք, որոնք ծածուկ աշխատելու են Փաշինյանի համար «ընդդիմադիր» հայացքներով, բայց իրական ընդդիմությունից ձայն փախցնող քաղաքական առեւտրականները։
Միով բանիվ, ամենը պետք է հաշվարկված լինի։ Եթե 26-ին Փաշինյանը կրկին ձայն հավաքի, եւ հետն էլ կեղծելով ընտրությունները՝ հաջողությամբ պսակի իր աթոռը՝ Հայաստանը կհայտնվի Արցախի ճակատագրի ուղիղ առանցքում։
Հիմա սպասում է, թե՛ Ադրբեջանը, թե՛ հայկական կողմը, «խաղաղություն» քարոզելով, հասնելով նպատակին Հայաստանը վերածել Արեւմտյան Ադրբեջանի։
Արթուր Հայրապետյան
