Փաստորեն Փաշինյանի ասած գանձագողերը ապացուցեցին, որ լավ էլ գանձագողեր են եղել, այլապես չէին սեղմի այն ձեռքը, որ ստորագրեց մեր հայրենիքի հանձնման ու ուրացման թղթի տակ, որ այժմ պատրաստվում է մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քանդել ու մեր վերջին խարիսխը թողնել երերուն։ Պարզ է, չէ՞, որ Փաշինյանի կոմպրոմատները այնքան խիստ են եղել, այնքան նպատակային, որից ազդվել են մեր եկեղեցում ծառայող բարձրաստիճան հոգեւորականները, որոնք գերադասեցին դավաճանել առաջինը հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, հետո նոր Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Իսկ ո՞ւմ աչքերի մեջ են նայել նրանք, ու՞մ դուռն են գնացել, թե՞ սատանայի աչքերից են գլխիկոր «ազդվել», որ խոնարհվեցին Արցախը հանձնած, մի ամբողջ սերնդի սրախողխող արած, տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղածի առաջ։
Փաշինյանը ապացուցեց, որ նրանք, ովքեր իրենց խոնարհությունն են բերել «առ» Նիկոլ, այն են, ինչի մասին տարիներ շարունակ հենց Փաշինյանն էր աղաղակում։
Սա պարզապես խենթանոց է, սա պարզապես զավեշտ է, ինչպե՞ս ես ապրում, ավելի լավ չէ՞ր լինի, որ պատվով հանձնվեիր ու քո տեսակին հավատարիմ մնալով «պատժվեիր» Փաշինյանի ձեռամբ, քան այդ շատ ծանր, մեղսագործի ձեռքի տակ կքած ապրեիր։
Սա դիվերսիա է մեր ներսում մեր դեմ։ Բայց սա նաեւ կործանարար է, երբ մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին դնում ես ո՛չ միայն հարվածի տակ, այլ մեր մշակույթի եւ ինքնության վերջին հազարամյակների միակ ամրոցը ներսից ու դրսից հիմքերը քանդողին անձնուրաց ծառայում, իսկ Հովվապետին ուրանում։ Ծառայում ես, որպեսզի վայելե՞ս գողոնը, ո՛չ այլ պատճառով, որովհետեւ քեզ «գանձագող» - եր են անվանել ու դու դրա հետ ոչ միայն հաշտ ես, այլ համաձայնության ես գալիս ու ենթարկվում։
Հայ ազգային եկեղեցին մեր վերջին ամրոցն է, որ կանգուն է դեռ։ Ոչ մի կերպ չպետք է թույլ տանք, որ քանդեն ուրացող, դավաճան, եղկելի, ծառայամտության ու բարոյազուրկ իշխանությունն ու քստմնելի- կերեւուրաց «սրբազանները»։
Աստված պահապան ու համբերություն Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Գուցե սա լավ առիթ էր, որպեսզի չարից զատվենք, որոնք ո՛չ արժան են իրենց հոգեւոր կարգին, ո՛չ արժան են մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։ Պետք է ազատվել ու ազատագրել մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, այո՛ օր առաջ։
Որդիական խոնարհությամբ աղաչում ենք Ձեզ, մեր ընտրված Ամենայն Հայոց Հայրապետ, ոչ մի դեպքում չթողնել Լուսավորչի գահը, չթողնել հավատավոր մի ամբողջ ժողովրդի առանց ՀՈՎՎԱՊԵՏԻ, այլապես ազգովի կկործանվենք, ու օտարի ոտքերի տակ կվերանանք։ Այն, ինչ հիմա կատարվում է դավադրություն է մի ամբողջ հոգեւոր կառույցի ինստիտուտի կործանման, մեր ինքնության, մեր գոյության, ու սա անձերի կռիվ չէ, որքան էլ, որ Փաշինյանը անձնավորում է եկեղեցին։ Սա կոնկրետ ավերիչ քաղաքականություն է, որ տարվում է առանց մեղքի գիտակցման ու ամոթի։
Դարավոր պատմության ընթացքում շատերն են եկել ու գնացել, շատերն են փորձել խառնակչությամբ ու կործանարարությամբ սպանել հավատքը, վերացնել միտքն ու բանականությունը, բայց չի հաջողվել, որ առհավետ վերացնեն մեր հույսի ու սրբության սրբոց հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, որի միջոցով եւ անմիջական աջակցությամբ ենք ապավինել Աստծուն։
Ուրեմն, մեր Տեր Հիսուս Քրիստոսը ճիշտ էր «կոչվածները շատ են, ընտրյալները` քիչ»։
