Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին տնօրեն, բժիշկ Նարեկ Մանուկյանը որոշել է մտնել քաղաքականություն և ընդդիմադիր շարժում սկսել։ Նա տեսաուղերձով դիմել է հանրությանը՝ նշելով, որ որոշել է հիմնել և առաջնորդել քաղաքական մի շարժում, որը անվանել է «Արմենիա 2026»։
«Ինչո՞ւ է «Արմենիա 2026», որովհետև հասարակության մեջ գրեթե բոլորի մոտ կա ներքին կոնսենսուս, որ 2026 թվականն առանցքային կետ է մեր պետության համար, և եթե 2026 թվականի ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա գրեթե 100% հավանականությամբ Հայաստանը կկորցնի կամ տարածքների մի մասը, կամ ինքնիշխանությունը, կամ երկուսը միասին»,- արդեն ընդդիմադիր դիրքերից հայտարարել է Մանուկյանն ու պարզաբանել, թե ինչու է որոշել զբաղվել քաղաքականությամբ, որովհետև, իր կարծիքով, «երկիրը պետք է իր նման մարդու և առաջնորդի կարիք ունենա», որ լուծի ծառացած խնդիրները։
Տեսուղերձը բավականին ծավալուն է, որտեղ նորաթուխ ընդդիմադիր գործիչը խոսում է նաև հակառակորդներին ներելուց․ «Եթե դու, լինելով երկրի ղեկավար, պատրաստ ես հաշտության ձեռք մեկնել և ներել Ալիևին, ուրեմն առնվազն մի քանի քայլ առաջ պետք է ձեռք մեկնած և ներած լինեիր քո քաղաքական հակառակորդներին և այսպես կոչված «նախկիններին»: Հակառակ դեպքում դու ոչ թե ձեռք ես մեկնում ու ներում ես Ալիևին, այլ վախից հնազանդվում ես»։
Նարեկ Մանուկյանը, որը մոտ 8 մլն դրամ էր ստանում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում, աշխատանքից ազատման դիմում էր գրել այս տարվա ապրիլին՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ջանքերով, քանի որ նախարարը լարված հարաբերություններ ուներ Նարեկ Մանուկյանի հետ։ Մանուկյանից, իհարկե, դժգոհությունները շատ էին թե՛ առողջապահական համակարգում, թե՛ ներսում՝ իր ղեկավարած հիմնարկում, և խոսակցություններ կային, որ Մանուկյանը հավակնում է Անահիտ Ավանեսյանի աթոռին, և ամեն ինչ անում է, որ իրեն նշանակեն նախարար։ Բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ, և վերջինս ազատվեց աշխատանքից ու մեկ ամիս անց կտրուկ դարձավ ընդդիմադիր և որոշեց զբաղվել քաղաքականությամբ, որ «փրկի երկիրը կործանումից»։
MediaHub-ի տեղեկություններով, իրականում, Մանուկյանի՝ քաղաքականություն մտնելն ու ընդդիմադիր շարժում սկսելն ընդամենը պարզ նեղացվածության և քրեական գործեր շալակելու արդյունք է, որ վաղը, երբ ենթարկվի քրեական հետապնդման, դա ներկայացնի որպես քաղաքական հետապնդում։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնից մեր աղբյուրները MediaHub-ին պատմեցին, որ նախկին տնօրեն Նարեկ Մանուկյանը, որ նեղացած է նախարարից, Նիկոլ Փաշինյանից և ամբողջ կառավարությունից, հաճախակի սուրճ խմելու է հրավիրում հիվանդանոցի աշխատակիցներին՝ փորձելով նրանց ներգրավել իր քաղաքական ծրագրերի մեջ, որ թիմ ձևավորի և կարողանա հուժկու պայքարի մեջ մտնել ընդդեմ իրեն աշխատանքից հեռացրած և նախարար չնշանակած իշխանությունների։ Կարճ ասած՝ նեղացավ, դարձավ ընդդիմադիր։
Վահե Մակարյան