MediaHub-ը պարբերաբար ահազանգեր է ստանում քաղաքացիներից ամենատարբեր հարցերի ու խնդիրների մասին, այս անգամ մեզ ահազանգել է կապանցի Նվերը։
Նա պատմեց, որ մայիսի 10–ին Նիկոլ Փաշինյանը ժամանել էր Սյունիք՝ Կապան, անգամ հասցրել հեծանիվ վարել Կապանում։
Փաշինյանի ժամանելը Սյունիք բավականին դժգոհություն է առաջացրել մարզի բնակչության շրջանում, որոնք, մեր զրուցակցի խոսքով, այդքան էլ բարեհամբույր չեն դիմավորել Փաշինյանին, մասնավորապես, սահմանին ամենօրյա կրակոցների ֆոնին:
Հիշեցնենք, վերջին երկու ամիսներին Ադրբեջանը գրեթե ամեն օր կրակում է Սյունիքի սահմանային Խնածախ, Խոզնավար և այլ գյուղերի ուղղությամբ, և թշնամի Ադրբեջանն ու Թուրքիան ամեն օր խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին:
MediaHub-ին ահազանգած կապանցի Նվերը պատմեց, որ երբ տեսել է Փաշինյանին Կապան ժամանելուց, մեջն ամենը խառնվել է. «Ես գոռացի՝ «Նիկոլ դավաճա՛ն, Նիկոլ հողատո՛ւ, Ղարաբաղը ծախեցիր, հիմա էլ Կապա՞նն ես հանձնելու», ուզեցի Փաշինյանի մեքենային քարով խփել, բայց ինձ բերման ենթարկեցին և տարան Ոստիկանության բաժին, պահեցին այնտեղ 24 ժամ»։
Ըստ նրա՝ Ոստիկանության բաժանմունքում նրան պահել են 24 ժամ, նվաստացրել, «ինքնասիրությանը կպել», հայհոյել։
«24 ժամ այդպես պահել են ու տարել, գցել հոգեբուժարան, մեկ շաբաթ չեն թողել հոգեբուժարանից դուրս գամ... հոգեմետ դեղորայք են տվել, ասել են՝ պետք է մեկ շաբաթ մնամ հոգեբուժարանում, ինչ է ուզեցել եմ Փաշինյանի մեքենային քարով խփեմ»,– ասաց նա։
Մեր զրուցակիցը պատմեց, որ 1 շաբաթ հոգեբուժարանում պահելուց հետո, ի վերջո, նրան բաց են թողել, իսկ տուն հասնելուն պես նրա ինքնազգացողությունը վատացել է և նա զանգահարել է շտապօգնություն։
«Զանգեցի Կապանի շտապօգնություն, ասացի՝ «եկե՛ք, սիստեմա միացրեք, լավ չեմ զգում հոգեմետ դեղերից, թող մաքրվի օրգանիզմս», ասում են՝ «չենք կարող գալ»։ Անմիջապես հետո ինձ զանգեցին Ոստիկանությունից, հարցրեցին՝ ինչո՞ւ եմ զանգել, սկսեցին էլի հայհոյել... ոստիկաններն իրավունք չունեն հայհոյելու և այդպես իրենց պահելու: Վատ եմ զգացել, շտապօգնություն եմ կանչել, բայց չեն եկել, մի հատ էլ Ոստիկանությունից զանգել են ու հայհոյել, բա սա նորմա՞լ է»,– ասաց Նվեր Գևորգյանը։
Նա վրդովված շարունակեց՝ Ոստիկանության աշխատակիցներն իրավունք չունեն իրենց այսպես պահելու, իրեն գցելու հոգեբուժարան, հայհոյելու և ինքնասիրությանը կպնելու։
«Ուզում եմ բարձրաձայնեմ այս խայտառակության մասին, ուզում եմ, որ նման աշխատակիցներ Ոստիկանությունում չլինեն»,- ասաց նա, ապա հավելեց, որ դեռ չգիտի՝ այս փաստերին ընթացք տա՞, թե՞ ոչ:
Մարիաննա Արամյան