Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ գրող Արթուր Հայրապետյանի «Աստծո մենակը» գրքի շնորհանդեսը։ «Աստծո մենակը» հեղինակի 4-րդ գիրքն է, որում արտացոլված են հեղինակի մտորումներն ու ապրումները, տագնապները ինչպես համահայկական, այնպես էլ մարդկային, անհատական կյանքից ներս տեղի ունեցող խնդիրներին:
Շնորհանդեսը մեկ վայրում հավաքել էր գրականության, մշակույթի, հասարակական, քաղաքական գործիչների ու անհատների, որոնք նույնչափ անհանգստացած են մեր իրականությամբ, ու որոնց մեծ մասը ծանոթ էր Արթուրի գրականությանը, ձեռագրին։
Բացման խոսքով հանդես եկավ գրող Նարեկ Մալյանը, որը փոքրիկ անդրադարձ կատարեց Արթուրի ստեղծագործական կյանքին, մարդուն, գրողին. «Արթուրի, «Աստծո մենակը», իր ապրումների, սպասումների, ընվզման, պայքարի ու սկզբունքների, ինքն իրենով մենակ մարդու հոգեպարար խոսքն է, որ միշտ չէ, հաշտ է, եւ այդ ներքին պոռթկումներն են, որ գրականության միջոցով հասնում է ընթերցողին»։
Գրքի շնորհանդեսի ամենակարևոր հատվածը, իհարկե, գինեօծության արարողությունն է. գրող Արմինե Բոյաջյանն ու դերասանուհի Մարջան Ավետիսյանը իրենց հեղինակ ընկերոջ հետ գինով օծեցին «Աստծո մենակը»։
Արմինե Բոյաջյանը նաև ընթերցեց «Աստծո մենակը» գրքի խմբագիր Սեդա Կարապետյանի ուղերձը Արթուր Հայրապետյանին։ Այնուհետեւ ներկաները վայելեցին Աննա Ավետիսյանի կատարմամբ գրքից «Կարմիր կիրակի» արձակ ստեղծագործությունը, որը բոլոր ներկաներին վերադարձրեց հինգ տարի առաջ այս օրեր, երբ ամբողջ Հայաստանը սև էր հագել, երբ երիտասարդներով դագաղները չէին հասցնում հողին հասցնել, երբ օր ու գիշեր Եռաբլուրում փոս էին փորում, որը, ցավոք, երկար դատարկ չէր մնում: Դահլիճում ներկա էին նաև մայրեր, որոնք 44-օրյա պատերազմում որդի են կորցրել, և ամեն բառը, ամեն տողը նրանց սրտից դուրս էր բերում հինգ տարի չվերջացող արտասուք…
Արթուր Հայրապետյանը իր շնորհակալական խոսում պատմեց գրքի ծնունդի մասին. «Այն չէր լինի, եթե չլիներ Արթուր Վանեցյանը։ Խոսքի մեջ, մի կես բերան ասացի, որ հավաքվել են գործեր, որ պետք է հրատարակել, եւ պարոն Վանեցյանը միանգամից արձագանքեց` ի՞նչ է պետք դրա համար։ Եւ այսօր հենց նրա անմիջական օգնությամբ էլ ունենք «Աստծո մենակը» գիրքը, ինչի համար անչափ շնորհակալ եմ իմ լավ ընկերոջը»,- ասաց հեղինակը, ապա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, որոնք առնչություն են ունեցել թե՛ գրքի լույս ընծայմանը, թե՛ այդքան գեղեցիկ երեկոյի վերածված շնորհանդեսին:
Գողտրիկ մի անկյունում մեր օրերի գրող Արթուր Հայրապետյանին շրջապատել էին հայրենիքի դարդ ու ցավով ապրող, պայքարող, արժանապատիվ մարդիկ։ Մտերմիկ ու ջերմ բարեմաղթանքներով բոլորի գրքերը հեղինակը մակագրեց, ու կրկին շնորհակալություն հայտնեց այս ծանր օրերին իր կողքին լինելու համար: