Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Գարեգին Բ Կաթողիկոսին կկալանավորե՞ն. ո՞րն է իշխանության հաջորդ քայլը

Blog Image

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի որակմամբ՝ իշխանություններին սպասարկող լրատվական կայքերում տարածվել է Գերաշնորհ Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի իբրև թե 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը, որում նախկին գավազանակիրը նշում է. «Կաթողիկոսն ասում ա՝ ընտանիքիդ վերցրա, գնա Նիկոլի դեմ միտինգի»:

Իշխանական կողմը ակտիվ տարածում է այս ձայնագրությունը: 

MediaHub-ը հիշեցնում է, որ Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամը սեպտեմբերի 16-ին «Հանրային» ՀԸ եթերում հայտարարել էր, որ «2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ»։ Այս հայտարարությունից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ն հաղորդում է ներկայացրել դատախազություն։ Հաղորդման հիման վրա հարուցվել է վարույթ, քննչական գործողություններ սկսվեցին Արագածոտնի թեմում, թեմի առաջնորդը ձերբակալվեց, ապա ավելի ուշ դատարանը Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին կալանավորեց 2 ամսով:

Ավելի ուշ գրել էինք, որ տխրահռչակ տեր Արամը ևս հարցաքննվել է:

Փաստացի, հենց նրա հայտարարությունների հիմքով Սրբազանը շատ արագ կալանավորվեց, ինչը ենթադրել է տալիս, որ այսօր հրապարակված ձայնագրությունն էլ կարող է հիմք հանդիսանալ, որ կաթողիկոս Գարեգին Բ-ին ևս փորձեն կալանավորել: Այս հարցի շուրջ MediaHub-ը զրուցեց փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ։

«Կարծում եմ՝ միանշանակ հնարավոոր է, որովհետև իրենք գործում են պատերազմի օրենքներով, իրենք ինֆորմացիոն նախապատրաստում են հասարակությանը մի քանի օր, օրինակ՝ ձայնագրություններով ապօրինի կամ օրինական վերցրած: Օրինակ, Սրբազանի մասով մոնտաժված ձայնագրություն է հիմքում, հետագայում իրավապահներն անցան գործի: Չեմ բացառում, որ մոտ օրերին համապատասխան քրեական հետապնդում Վեհափառի դեմ նախաձեռնեն»,- նշեց փաստաբանը:

Ըստ նրա՝ պետք է միասնական մոտեցում որդեգրել բոլոր առումներով՝ և՛ իրավապաշտպանական, և՛ փաստաբանական, և՛ եկեղեցու պաշտպանության, ամբողջ հասարակությունը պետք է մեկ գաղափարի շուրջ ջանքերը համախմբի:

«Իրենց տրամաբանությունը հասկանալի է, իրենք սկսում են փոքրից, մարդկանց նախապատրաստում են, սկսում են տեռորիզմի մեջ մեղադրել Սրբազանին, որ մարդիկ մտահոգություն ունենան, որ Սրբազանը շատ վատ բանի մեջ է մեղադրվում, հետո մյուս Սրբազանին կալանավորում, հետո երրորդ Սրբազանին, մարդկանց համար սա դարձնում են նորմա և անցնում են ավելի ինտենսիվ քայլերի: Այո՛, հաջորդը կարող է լինել Կաթողիկոսը»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ MediaHub-ին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ևս արձագանքեց այս ձայնագրությանը: Տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Իշխանություններին սպասարկող լրատվական կայքերում տարածվել են Գերաշնորհ Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանին վերագրվող հեռախոսազրույցների ձայնագրություններ։

Իշխանությունների կողմից՝ եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների, այդ թվում վերջին օրերին տասնյակ հոգևորականների բերման ենթարկելու և երկու եկեղեցականների կալանքի տանելու ենթատեքստում, արդեն իսկ ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական այս արարքի հետևում։

Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։

Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան»:

Send